ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Նմանատիպ
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հալեպում ծնված ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների՝ «Խաղաղություն. Թորոսի ամբողջական հավաքածու» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ցուցահանդեսը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի և Սիրիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով։
Բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Լամյա Շաքուրը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Լևոն Ամիրջանյանը և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, դեսպան Վահրամ Կաժոյանը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահը, քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ֆրանսիայի սենատորներ, պատգամավորներ, ինչպես նաև մշակույթի գործիչներ, ֆրանսահայ համայնքի անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում