Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Մուրադ Մուրադյան. անձը և գործը» գրքի շնորհանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված Երևանի քաղաքապետեր մատենաշարի <<Մուրադ Մուրադյան. Անձը և գործը>> գրքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի նախկին քաղաքապետեր, ժամանակին քաղաքային խորհրդում աշխատած պաշտոնատար անձինք, նաև’ մերօրյա պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գիրքը ներկայացնում է Մուրադ Մուրադյանի կյանքն ու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատած տարիներին ծավալած գործունեությունը: Գիրքը կազմվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին գրքի հրատարակման հարցում ցուցաբերած աջակցության համար’ Մուրադ Մուրադյանն ընդգծել է քաղաքապետի հետևողականությունն ու սրտացավությունը մայրաքաղաքի խնդիրների լուծման և քաղաքի զարգացման ուղղությամբ: Ի նշան երախտագիտության և հարգանքի՝ Երևանի նախկին քաղաքապետը պաշտոնապես գրքի առաջին օրինակը նվիրել է Տարոն Մարգարյանին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում