Հայաստանը կլինի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը մերձեցնելու առաջամարտիկը

Հայաստանը կլինի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը մերձեցնելու առաջամարտիկը

Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ձեռքբերում է, որը միտված է կողմերի միջև համագործակցության ընդլայնմանը և խորացմանը: Ազգային ժողովում համաձայնագրի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Այս համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական զարգացմանը, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կայունացման ամրապնդմանը: Համաձայնագրով ամրապնդվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները, որոնք խթան և հիմք կհանդիսանան հետագա համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար»,- նշեց Գաբրիելյանը:

Փոխվարչապետն ընդգծեց, որ մանրամասն քննարկել են ԵՄ-ի հետ արդեն ստորագրված համաձայնագրի և ինտեգրացիոն գործընթացների համատեղումը: «Ես կարող եմ ասել, որ փաստաթուղթը պարունակում է համատեղելիություն Հայաստանի բոլոր պարտավորությունների հետ և այդ համատեղելիության շրջանակներում հնարավորություն է տալու Հայաստանին խորացնել համագործակցությունը թե Եվրասիական տնտեսական միության, թե Եվրոպական Միության շրջանակներում»,- ասաց ՀՀ փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը հստակեցրեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագիրը, բնականաբար, առևտրային չէ, սակայն տնտեսական հարաբերությունների բազմաթիվ կանոնակարգումներ է պարունակում: «Սա նշանակում է, որ մենք չենք խոսում միայն ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների և քաղաքական երկխոսության մասին: Համաձայնագիրն ունի նաև տնտեսական հնարավորություններ»,- նշեց փոխվարչապետը:

Նա կարծիք հայտնեց, որ այս իրավիճակը, երբ Եվրոպական Միությունն առաջին անգամ նման համաձայնագիր ստորագրեց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի հետ, հնարավորություն կտա մերձեցնել երկու կառույցների փոխգործակցության հնարավորությունները: «Հայաստանը կլինի այն առաջամարտիկը, որն այդ ձևաչափերն առաջինը կփորձի ներդնել: Այս առումով այս համաձայնագիրը ոչ միայն կարևոր է երկկողմ հարաբերությունների, այլ նաև միջազգային հարաբերությունների տեսանկյունից՝ համագործակցության նոր ձևաչափեր որոնելու, գտնելու և ակտիվ իրականացնելու առումով: Կարծում եմ, որ այս համաձայնագրի շնորհիվ մենք կունենանք ավելի ընդլայնված երկխոսություն Եվրոպական Միության հետ ոչ միայն փոխադարձ շփումներն ավելացնելու, այլ նաև ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխման առումով: Մենք գտնում ենք, որ այն կարևոր ուղղություն է Հայաստանի հետագա զարգացման տեսանկյունից»,- շեշտեց Վաչե Գաբրիելյանը:

Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետը նկատեց, որ Հայաստանը իրեն համարում է և եվրասիական տնտեսական տարածքի, և եվրոպական քաղաքակրթության մաս և առաջ է շարժվում այդ տրամաբանությամբ՝ որդեգրելով «և-և»-ի քաղաքականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում