Իրանցի զբոսաշրջիկին տաքսիստը 4000 դրամով է Մոնումենտից Շրջանային բերել

Դեպի Հայաստան տուրիզմի հիմնական խոչընդոտը թանկ ավիատոմսերն են: «Արմավիա» ավիաընկերության փակվելուց հետո, ավիատոմսերի գները զգալի բարձրացել են, ինչը նույնպես կհանգեցնի նրան, որ այս տարի զբոսաշրջիկների թիվը կնվազի: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը՝ մեջբերելով «Ամիստադ Տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն, Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Արմինե Ադամյանի խոսքերը:

«Նրա խոսքերով, տուրիստների հոսքը դեպի մեր երկիր ապահովելու համար տուրընկերությունները արտերկրում մասնակցում եմ ցուցահանդեսների, տեղը տեղին ներկայացնում Հայաստանը, սակայն հենց հերթը հասնում է, որ տուրիստը հետաքրքրվում է ավիատոմսերի գներով, միանգամից ոգեւորությունը մարում է. «Ավիատոմսերի արժեքը մնում է հիմնական խոչընդոտը, մարդն ասում է’ ես ինչո՞ւ պետք է մի քանի անգամ ավել վճարեմ, երբ Դուբայն, ասենք’ այսքանով է առաջարկում: Մեր հարեւան Վրաստանում նույնպես մատչելի են ավիատոմսերը. Երեւան-Պրահա գանալ-գալը 350 եվրո է, մեզ մոտ 590 եվրո»: Տուրիզմի ոլորտի մասնագետի կարծիքով, Հայաստանը պետք է ուղիղ ավիաուղիներ ունենա. «Առանց ազգային ավիափոխադրողի դժվար է զարգացնել տուրիզմը»: Տիկին Ադամյանի տվյալներով, վերջին տարում քիչ, բայց տուրիզմի հոսք է նկատվում Արգենտինայից, Էկվադորից Մեքսիկայից, Իսպանիայից: Տուրիզմի ոլորտի պետական պաշտոնյաները, որքան էլ չեն ուզում բացեիբաց ասել, բայց տարեցտարի զգալի նվազում է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Նրանք’ իրենց Նովրուզն անցկացնելու համար այլեւս նախապատվություն չեն տալիս մեր երկրին. «Այս տարի, ցավոք, պարսկական շուկայից գրեթե մարդ չունեցանք: Դոլարը բավականին թանկացել է նրանց մոտ եւ այն մարդիկ էլ, որոնք դոլար ունեն, հաշվարկում են, տեսնում, որ ստացվում է Հայաստանում ավելի թանկ է Միացյալ Էմիրություններից, Վրաստանից»,-ասաց «Եվրազիա ինթերնեյշնլ թրավել» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքերով, իրենց տուրիստների հետ հաճախ է պատահում, երբ տաքսիստները մեկ-երկու կիլոմետրի համար «խելքից դուրս» գներ են ասում. «Մոնումենտից շրջանային 4 հազարով են բերել: Երբ հարցրել են ինչո՞ւ եք այդքան ուզում, տաքսիստը պատճառաբանել է, որ չորս հոգի եք»…»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում