Կինոթանգարանի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում. Հարություն Խաչատրյան
Նմանատիպ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվելուց 39 օր անց Հարություն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այս օրերի ընթացքում կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
«Մշակվել է կինեմատոգրաֆիստների միության նոր կանոնադրությունը, որը համապատասխանեցվել է ինչպես ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի պահանջներին, այնպես էլ միության ժամանակակից հասարակության պահանջներին։ Ամբողջովին նոր ստեղծված կանոնադրությամբ նոր խնդիրներ և նոր նպատակներ են դրվել միության առջև»,-նշեց Հարություն Խաչատրյանը։
Միության նախագահն ասաց, որ այս պահին իրենց գլխավոր նպատակը մեծ դահլիճի վերանորոգումն է, որի համար իրենց անհրաժեշտ են հովանավորներ. «Մեծ դահլիճի մասնակի վերանորոգումը սկսվել է։ Այս պահին նորոգվում են նաև դահլիճին հարակից սրահները։ Վարդանանց փողոցից բացվել է դահլիճ տանող փոքր մուտքը, այստեղ նույնպես սկվել են նորոգման աշխատանքներ։ Ֆինանսական բավարար միջոցներ գտնելու դեպքում կկարողանանք կինոցուցադրություններ իրականացնել այնտեղ»։
Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում նաև կինոթանգարանի ստեղծման ուղղությամբ։
«Նամակներ են ուղարկվել աշխարհի բազմաթիվ կինոթանգարաններին, որպեսզի հնարավոր լինի համագործակցել նրանց հետ և ստեղծել ժամանակակից թանգարան։ Այց ենք ունեցել նաև «Հայֆիլմ» կինոստուդիա, ուսումնասիրել այն ամենը, ինչ մնացել է հայկական կինոյից, որպեսզի հնարավոր լինի թանգարանի համար այնտեղից վերցնել համապատասխան իրեր։ Ձևավորվել է նաև թանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողով»,- ասաց Խաչատրյանը։
Երկարատև ընդմիջումից հետո բացվել է նաև Կինոյի տան հայտնի «Բուխարու սրահը», որտեղ, Խաչատրյանի խոսքով, ամեն օր հավաքվում են կինոյի մարդիկ։
«Առաջին անգամ կազմվել է կինեմատոգրաֆիստների բյուջե, որպեսզի միության ծախսերը լինեն ոչ թե կամայական, պահի ազդեցությամբ, չհիմնավորված, այլև նախապես ծրագրված»,- տեղեկացրեց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է «Կինեմատոգրաֆիստների մասին» ՀՀ օրենքի նախագծին, միության նախագահը տեղեկացրեց, որ ստեղծված հանձնաժողովի առաջարկներն արդեն ներկայացվել է մշակույթի նախարարությունը. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության հետ, որ օրենքի նախագիծը կներկայացվի նաև կինեմատոգրաֆիստների միությունում»։
Հարություն Խաչատրյանը հավելեց նաև՝ ստեղծվել է «Երիտասարդական հարթակ», որը միավորում է երիտասարդ և անկախ կինոգործիչներին՝ քննարկելու ներկայացված կինոնախագծերը։
Ասուլիսից հետո լրագրողներին հնարավորություն ընձեռվեց շրջել Կինեմատոգրաֆիստների միության և Կինոյի տան տարածքով, ծանոթանալ ներկա վիճակին ու կատարվող աշխատանքներին։