Ականավոր հայ դիրիժորին մեծարեցին Մոսկվայում և Երևանում
Նմանատիպ
Անցկացվեցին Կոնստանտին Սարաջեւի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողովներ
Այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կշարունակվի երեկ մեկնարկած հայ ականավոր դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Կոնստանտին Սարաջեւի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողովը:
Կոնսերվատորիայի՝ դիրիժորի անունը կրող գրադարանում ցուցադրվեցին երաժշտի անձնական լուսանկարները, փաստաթղթերը: Սեպտեմբերին էլ բուհում անցկացվել էր երիտասարդական միջազգային գիտաժողով՝ դարձյալ նվիրված Սարաջեւի հոբելյանին:
Կ. Սարաջեւի ուսանողներից դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանն «Առավոտին» հայտնեց. «Պրոֆեսորիս՝ իբրեւ դիրիժորի, մանկավարժի ծավալուն գործունեությունը, որը 1800-ականների վերջերից սկսվել է Մոսկվայում, տեղի կոնսերվատորիան ավարտելուց անմիջապես հետո, իսկապես հակիրճ հնարավոր չէ ներկայացնել: Նա 1900 թվականից Մոսկվայի ռուսական մասնավոր օպերայի կոնցերտմայստերն էր: Թեեւ ուսում էր առել հայտնի երաժիշտների՝ Գրժիմալիի եւ Տանիեւի դասարաններում, բայց դիրիժորության դասեր է վերցրել նաեւ Լայպցիգում՝ Նիկիշի ղեկավարությամբ: Կ. Սարաջեւի արխիվային նյութերի ցուցադրության ժամանակ:
Հետագայում՝ դարձյալ Մոսկվայում, հանդես է եկել որպես մենակատար-ջութակահար, ժողովրդական կոնսերվատորիայում վարել է ջութակի ու երաժշտական գրագիտության դասեր, ղեկավարել է սիմֆոնիկ համերգներ եւ, որ ամենակարեւորն է՝ հենց Սարաջեւի ղեկավարությամբ են առաջին անգամ հնչել Պրոկոֆեւի, Մյասկովսկու, Շոստակովիչի շատ սիմֆոնիկ երկեր: Նման ճանաչումը, սակայն, չխանգարեց, որ նա 1917թ. հեղափոխությունից հետո գնա Սարատով, որտեղ թեեւ կարճ ժամանակահատված, բայց դարձյալ վարել է սիմֆոնիկ համերգներ, ղեկավարել օպերային թատրոնը, դասավանդել տեղի կոնսերվատորիայում: Միառժամանակ հետո էլ Դոնի Ռոստովում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ եւ օպերային թատրոն, եւ այլն: Հետո Լունաչարսկու հրավերով վերադարձել է Մոսկվա եւ որպես ռեկտոր ղեկավարել տեղի թատերական արվեստի պետական ինստիտուտը:
Դեռեւս 1920-ականների սկզբներին, պատկերացնո՞ւմ եք, նա հանդես է եկել Վիեննայում, Պրագայում եւ այլն»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ Սարաջեւի դիրիժորական արվեստը աչքի է ընկել արտիստականությամբ, դասական խստությամբ կատարվող երկի գաղափարագեղարվեստական մտահաղացման բացահայտման խորությամբ, նույնն էլ պահանջել է իր ուսանողներից:
Սարաջեւների ընտանիքը նշում է Կ. Սարաջյանի դստեր՝ Գայանե Սահակյանի ծննդյան 90-ամյակը (2017թ.): Կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն էլ մեզ հետ զրույցում խոսեց Սարաջեւի հայաստանյան գործունեության մասին. «Երաժիշտը 1935 թվականից տեղափոխվեց Երեւան, ծավալելով բազմակողմանի ստեղծագործական ու կազմակերպչական գործունեություն եւ կոնսերվատորիայում, եւ օպերային թատրոնում: Սկզբում 4 տարի Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն էր:
Սարաջեւի մասնակցությամբ բեմադրվեցին Դարգոմիժսկու «Ջրահարսը» օպերան, Ասաֆեւի «Բախչիսարայի շատրվանները», Խաչատրյանի «Երջանկություն» եւ «Գայանե» բալետները: Կոնսերվատորիայի նրա դասարանում են ուսանել հայ դիրիժորական արվեստի երախտավորները՝ Արամ Քաթանյանը, Յուրի Դավթյանը, Հակոբ Ոսկանյանը եւ մյուսները: Ընդ որում, պրոֆեսորը 1940-54թթ. կոնսերվատորիայի ռեկտորն էր»:
Պարոն Շահինյանը մեզ ներկայացրեց գիտաժողովի առիթով Կոնստանտին Սարաջեւի ծոռ, Արամ Քաթանյանի որդու, մասնագիտությամբ լրագրող Կոնստանտին Քաթանյանի՝ իրեն ուղղված նամակը, որտեղ անվանի երաժշտի դուստրը՝ Գայանե Սահակյանը (մասնագիտությամբ թարգմանչուհի), թոռները եւ ընտանիքի մյուս անդամները ողջունում են գիտաժողովի մասնակիցներին: Նամակում գրված է, որ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում նույնպես կայացել է գիտաժողով՝ նվիրված Սարաջեւի 140-ամյակին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում