«Չգիտեմ՝ ինչ եմ նկարում, եթե իմանամ, չեմ էլ նկարի»

«Չգիտեմ՝ ինչ եմ նկարում, եթե իմանամ, չեմ էլ նկարի»

«Ես չգիտեմ՝ ինչ եմ նկարում, եթե իմանամ, չեմ էլ նկարի»,- գրող, հրապարակախոս, լրագրող, արդեն նաեւ նկարիչ Բակուր Կարապետյանն այսպես նկարագրեց իր՝ նկարելու ցանկությունն ու ձգտումը:

Երեկ Նկարիչների միությունում տեղի ունեցավ Բակուր Կարապետյանի «Ես արեւելքն եմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, իր զարմանքն ու գոհունակությունը հայտնելով, նշեց, որ ներկայացված են զարմանալի աշխատանքներ. «Եթե հիշենք, որ Բակուրը չի ավարտել Գեղարվեստի ակադեմիան, այլ ինժեներ, հրապարակախոս, գրող է, եւ այսպիսի մտածելակերպ կերպարվեստի մեջ, պարզապես գովելի է»։

Ըստ Պարոն Աղամյանի՝ այս գործերն անհնար է շփոթել ուրիշ նկարիչների աշխատանքների հետ, քանի որ Բակուր Կարապետյանն ունի իր լեզուն եւ ոճը։

«Առավոտի» հետ զրույցում պարոն Կարապետյանն ասաց, որ իր համար նկարելը կարիքի նման մի բան է. «Զգում եմ ներսումս կուտակված ինչ-որ բան, վերցնում եմ վրձինն ու ավելի շատ լսելով ենթագիտակցականին՝ առանց ինքս ինձ թելադրելու, մի թեթեւ կարող եմ հսկելով՝ նկարել»։

Երեք տասնյակից ավելի նկարների մեջ տեղ էր գտել նաեւ մի կարպետ, որը նույնպես պարոն Կարապետյանի անհատական աշխատանքների շարքից էր: Նա պատմեց. «Կա դրա էսքիզը մի փոքր երանգային տարբերությամբ»: Խոսելով այն մասին, թե ինչպես է ծնվում նկարելու միտքը՝ Բակուր Կարապետյանը պատմեց. «Ես չեմ կարող մտածելով գիծ տանել, պետք է լսել, տեսնել` ինչ է ասում ներքին զգացումը»։

Նկարները բազմաբովանդակ էին եւ դրանք բոլորը ստացել էին իրենց համապատասխան անվանումները։ Պարոն Կարապետյանի կարծիքով՝ անունները կարող են եւ չհամապատասխանել նկարների հետ: Այս առիթով պարոն Կարապետյանն ասաց. «Միգուցե Դուք կարողանաք ավելի ճիշտ խորագիր տալ դրանց»։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Մելիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Բակուր Կարապետյանը բազմաշնորհ ու բազմատաղանդ մարդ է, իսկ նկարների բովանդակային նշանակության մասին փոխանցեց. «Դրանք հիշեցնում են կարպետագործություն, գորգագործություն եւ ժայռապատկերային մտածողություն, նա գումարել է այս ամենը`մատուցելով իր աշխատանքը»։

Բացման արարողությունից հետո Բակուր Կարապետյանը բոլորին հրավիրեց դեկտեմբերի 8-ին նկարների քննարկմանը: Նա ասաց. «Ինձ էլ է հետաքրքիր, որ դուք ասեք` ինչ է սա»։ Տեղեկացնենք, որ «Ես արեւելքն եմ» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 8-ը:

ՄՈՆԻԿԱ ՄԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում