40 երաժշտախմբեր առաջիկա երկու օրերին հանրապետության տարբեր մարզերում հանդես կգան համերգային ծրագրերով
Նմանատիպ
Երևանի Հանրապետության հրապարակում կայացած ֆլեշմոբով տրվեց «Հայաստան, ի՛մ սեր» խորագիրը կրող միջոցառման մեկնարկը: Ֆլեշմոբին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Երգի և պարի տարբեր անսամբլներ Հանրապետության հրապարակի «քարե գորգի» վրա կատարեցին ազգային տարբեր պարեր: Այնուհետև երգի և պարի անսամբլները ավտոբուսներով ուղևորվեցին հանրապետության տարբեր մարզեր: Հանրապետության 40 մեծ ու փոքր համայնքներում դեկտեմբերի 2-3-ը «Հայաստան, ի՛մ սեր» խորագրով աննախադեպ համերգաշար է նախատեսված, որով կեզրափակվի «Մշակութային կանգառ»-2017 միջոցառումների շարքը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ այս տարվա սկզբից սկսել են «Մշակութային կանգառ» ծրագիրը, գոհունակությամբ նկատելով, որ հենց սկզբից հայտնվել են աջակիցներ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել 426 մշակութային կանգառ հանրապետության տարբեր մարզերում, գյուղերում և քաղաքներում: «Սա շատ կարևոր ծրագիր էր մի քանի նկատառումներով: Առաջինը, որ մենք փորձեցինք բեռնաթափել Երևանը մշակութային ագրեսիայից և մեր ողջ մշակութային արսենալն ուղղեցինք մարզեր, համայնքներ, հեռավոր գյուղեր, որոնք վաղուց կարոտ սրտով սպասում էին մեր մշակութային գործիչներին»,- նշեց Ամիրյանը:
Նախարարն ընդգծեց, որ որոշ առումով լուծվել է մշակութային օջախների խնդիրը` հավելելով, որ լքված դահլիճներն այնքան էլ լավ բան չէ: «Մենք կարողացանք այդ դահլիճները մեր երաժիշտների, մշակութային գործիչների, թատերախմբերի, համերգային ծրագրերի միջոցով լցնել բովանդակությամբ: Տարվա ընթացքում մենք ունեցանք նաև 200-ից ավելի կինոդիտումներ շարժական կինոթատրոններով, որը ձեռք բերեցինք Չինաստանի դեսպանատան աջակցությամբ»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ 40 երաժշտական խումբ դեկտեմբերի 2-ին մեկնում են հանրապետության տարբեր մարզեր` շեշտելով, որ առաջիկա երկու օրերի ընթացքում Հայաստանի տարածքում լինելու է մշակութային հրավառություն: «Մեզ համար կարևոր է արթնացնել մարզում, հեռավոր գյուղում ապրող երեխայի երևակայական աշխարհը, մեր հանրապետության քաղաքացուն հնարավորություն տալ հաղորդակցվել ժամանակակից արվեստի հետ: Սա է հիմնական նպատակը, որը, կարծում եմ, մենք տարվա ընթացքում կարողացել ենք փայլուն իրականացնել»,- ընդգծեց Ամիրյանը:
Նախարարն ուրախությամբ նշեց, որ տարվա ընթացքում իրենց միացել են նաև այն երաժշտախմբերը, որոնք պետական հոգածության տակ չեն: Նրա խոսքով` շատ ուրախալի է, որ նրանք ևս, ոգևորվելով և գաղափարը կարևորելով, միացել են իրենց:
«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաջորդ տարի հավասարապես նրանց բաժանել այն կոլեկտիվները, որոնք պետական հոգածության տակ են, և այն կոլեկտիվները, որոնք պետական հոգածության տակ չեն: Պետական հոգածության տակ չգտնվող երաժշտական խմբերին մենք ուղղորդում ենք, որ նրանք տեղերում կարողանան ստեղծել մշակութային միավորներ, որպեսզի մենք կարողանանք նրանց վճարել:
Ուղղորդելով մշակույթը հեռավոր գյուղեր` մենք կարողացանք մարզերում արթնացնել մշակութային կյանքը և տեղում գտնել մասնագետներ, որոնք կստեղծեն մշակութային միավորներ: Յուրաքանչյուր ամիս ստեղծված միավորի ղեկավարին մենք ֆինանսավորում ենք, նաև փորձում ենք հասկանալ, թե որքան շահառուներ են ներգրավվել այդ ծրագրերի մեջ:
Այսօր մենք ունենք խեցեգործության, գորգարվեստի, գեղանկարչության, պարի, երգի, թատերական տարբեր խմբեր, որոնք աշխատում են տարբեր մարզերում և գյուղերում»,- ասաց Արմեն Ամիրյանը` շեշտելով, որ սա հենց «Մշակութային կանգառ» միջոցառումների շարքի բուն արդյունքն է, որը հնարավոր է եղել ստանալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում