Երևանի տարածքում կատարված բնագիտական պեղումների մասին

Երևանի տարածքում կատարված բնագիտական պեղումների մասին

Այն մասին« որ ուրարտական (Վանի Արարատյան թագավորություն) Արգիշտի 1-ին արքան իր թագավորության հինգերորդ տարում քաղաք է կառուցել Էրեբ(վ)ունի անունով՝ հայտնի էր դարձել դեռևս 20-րդ դարի սկզբին, 1916 թ․ Վանում Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու կատարած հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված Խորխորյան արձանագրությունից:

Այստեղ հիշատակվում էր նաև 6600 հայալեզու ռազմիկների մասին, որոնց արքան տարել էր Ծուպա և Խաթե երկրներից ու բնակեցրել իր հիմնած քաղաքում: Սակայն քաղաքի տեղը արձանագրության մեջ չէր նշվում․ հնագետները երկար ժամանակ չէին կարողանում գտնել այն: Էրեբունին հայտնաբերվեց միանգամայն պատահականորեն․ Երևանի հարավ–արևելյան մասում գտնվող Արին-Բերդ բլրի ստորոտում 1879 թ․ նորքեցի Պապակ Տեր-Ավետիսյանը վար անելիս գտնում է հղկված բազալտե քարի բեկոր՝ ուրարտերեն արձանագրությամբ, որն, իհարկե, ոչ ոք չի կարողանում կարդալ: Քարը երկար ժամանակ մնում է հողագործի տանը, հետագայում՝ 1894 թ․, այն ձեռք է բերում ռուս հնագետ Ա․ Իվանովսկին․ ով նշանավոր արևելագետ Մ․ Նիկոլսկու հետ գտնվում էր Հայաստանում:

Նրանք արձանագրությունը կարդացին այսպես․ «Արգիշտի, որդի Մենուայի, այս բերդը շինեց այս 10 100 քարից, և բլրի վրա կարճատև պեղումներ կատարելով՝ եկան այն եզրակացության, որ այստեղ եղել են Վանի թագավորության ժամանակաշրջանի շինություններ, իսկ Նիկոլսկու կարծիքով՝ հենց այստեղ պետք էր փնտրել Արգիշտի արքայի կառուցած քաղաքը՝ միջուկը համարելով Արին-Բերդը: Հետագայում հնագետները հասկացան, որ խոսքը նշված քանակով քարից պատրաստված ցորենի պահեստի մասին է:

Այնուամենայնիվ, մեր հիշատակած պատահական գյուտն ունեցավ շրջադարձային նշանակություն: 1950 թ․ պեղումներն իրականացնող արշավախմբի կողմից հայտնաբերվեց 23 արձանագրություն: Առաջին անհերքելի ապացույցը գտնվեց 1950 թ․սեպտեմբերի 25-ին: Դա Արգիշտի 1-ին արքայի երկրորդ արձանագրությունն էր, որը դարձյալ Էրեբունու կառուցման մասին էր և կրկնում էր Վանի արձանագրության տեղեկությունը․ «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, այս հոյակապ ամրոցը կառուցեց, անվանեց Էրեբունի, Բիայնիլիին ի հզորություն, թշնամիներին ի սարսափ:

Մեր քաղաքի հիմնադրումը Արգիշտին հաստատում է միանգամից երեք արձանագրություններով: Հնագետները հստակորեն որոշեցին քաղաքի հիմնադրման թվականը՝ Ք․ ա․ 782 թ․« Արգիշտի 1-ինի թագավորության 5-րդ տարում: Արին-Բերդի շրջակայքից հողի շերտերը հեռացնելով՝ հնագետները հողի տակից վեր հանեցին ժամանակաշրջանին բնորոշ բերդաքաղաք, որի գագաթին միջնաբերդն էր՝ շրջապատված ամուր պարիսպով: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Էրեբունին իր միջնաբերդով զբաղեցրել է 150 հա տարածք և կազմել մեր հինավուրց քաղաքի միջուկը:

Ճարտարապետները հայտնաբերեցին նաև բազմաթիվ նմանություններ Էրեբունու և մեր հիշատակած մեկ այլ բերդաքաղաքի՝ Թեյշեբաինիի միջև, որը գտնվել էր Երևանի հարավ-արևմուտքում և մինչև պեղումները ժողովրդի կողմից ստացել Կարմիր բլուր անունը:

Էրեբունու նման Թեյշեբաինին նույնպես բացվեց պատահական գտածոյով․ 1936 թ․ Չարբախ գյուղի դպրոցականները պատմության ուսուցչի ղեկավարությամբ հայրենագիտական էքսկուրսիայի ժամանակ Կարմիր բլուրի տարածքից հայտնաբերում են սեպագիր արձանագրությամբ բազալտի քարի բեկոր և հանձնում երկրաբան Դեմյոխինին, նա էլ հանձնում է պատմության թանգարանին: Արձանագրության վերծանումից պարզվեց, որ գրվել է Արգիշտի 2-ի որդի Ռուսա 2-ի կողմից: Որոշ ժամանակ անց՝ 1939 թ․, ակադեմիկոս, արևելագետ Բորիս Պիոտրովսկու, Ն․ Մառի առաջարկով արշավախումբը սկսեց պեղումները Կարմիր բլուրում: Բազմապիսի ու բազմաթիվ առարկաների կողքին գտնվեցին մեծ քանակությամբ բրոնզե և երկաթե զենքեր՝ վահաններ, սաղավարտներ, զրահի մնացորդներ, սրեր, դաշույններ, որոնց մի մասի վրա սեպագրված էին իրար հաջորդած ուրարտական թագավորների՝ Արգիշտի 1-ի, Սարդուրի 2-ի և Ռուսա 1-ի անունները:

Գտնվեցին Արգիշտի 1-ի սեպագիր վահանները՝ նվիրված Խալդ աստծուն: Հետաքրքիր հանգամանքներում գտնվեց բերդաքաղաքի հովանավոր, ուրարտական ռազմի և փոթորկի աստված Թեյշեբայի արձանիկը: Աշխատանքի ընթացքում աստիճանաբար հողի տակից հանվեցին տարբեր շինություններ՝ նախ մի մեծ շենք միջնաբերդում, որը բաղկացած էր 150 ենթաբաժիններից: Դրանք երկհարկանի շինություններ էին, որոնց առաջին հարկերը ծառայում էին որպես մառաններ, պահեստներ և շտեմարաններ, իսկ 2-րդ հարկը բնակելի սենյակներ էին և ընդարձակ դահլիճներ: Բացվեցին ցորենի, գարու մնացորդներով ամբարներ, գարեջրի, պանրի, քնջութի ձեթի պատրաստման արհեստանոցներ, նկուղներ՝ մեծ քանակությամբ կավե ամաններով, միայն գինու ութ մառաններ՝ որոշ չափով հողի մեջ թաղված 400 խոշոր կարասներով (40 000 դեկալիտր գինի տարողությամբ):

Արձանագրություններից մեկում, որը գտնվել է Զվարթնոցի ավերակներից, Ռուսան խոսում է խաղողի ու պտղատու այգիների, ցանքադաշտերի մասին, որոնցով շրջապատել է քաղաքը և Իլդարունի (Հրազդան) գետից անցկացրած ջրանցքի մասին, որն անչափ կարևոր էր երկրի տնտեսական կյանքում: Ռուսայի կառուցած ջրանցքը հասել է մինչև մեր օրերը և հայտնի է որպես Էջմիածնի ջրանցք: 1698 թ․ Նահապետ կաթողիկոսը գնում է այն և վերականգնելով՝ հասցնում մինչև Էջմիածին: Կարմիր բլուրի պեղումներին մասնակցեցին ամենատարբեր մասնագիտությունների տեր գիտնականներ, որոնցից յուրաքանչյուրը մանրամասնորեն ուսումնասիրում էր իր ոլորտի գտածոները: Ինչպես Էրեբունին, այնպես էլ Թեյշեբաինին և ուրարտական մյուս քաղաքները կառուցվել էին բլուրների վրա և դրանց լանջերին: Ճիշտ այսպես են կառուցվել նաև միջնադարյան հայկական քաղաքները՝ Արտաշատը, Դվինը, Կարինը, Կարսը, Անին և այլն:

Արձանագրություններից պարզվեց, որ Թեյշեբաինին եղել էր նաև վարչական կենտրոն և կառուցվել էր Էրեբունուց մեկ դար հետո՝ երբ վերջինս կորցրել էր նախկին նշանակությունը: Կյանքն Էրեբունիում կանգ չէր առել, բայց Ռուսայի ժամանակ գլխավոր քաղաքը Թեյշեբաինին էր, այստեղ նստում էր թագավորի կողմից ընտրված կուսակալը:

Գտնվելով Էրեբունուց ընդամենը 8-10 կմ հեռավորության վրա և ավելի փոքր՝ ընդամենը 40 հա տարածք զբաղեցնելով հանդերձ՝ Թեյշեբաինին ռազմավարական տեսակետից ավելի նպաստավոր դիրքում էր և ավելի լավ էր պաշտպանված, այդ պատճառով էլ այստեղ էր տեղափոխվել Էրեբունու ողջ հարստությունը: Սակայն իրադարձություններն այնպես են դասավորվում, որ Վանի Արարատյան թագավորության կենտրոն Տուշպայի անկումից հետո կործանվում է նաև Թեյշեբաինին: Ասորեստանի հարվածներից թուլացած Ուրարտուն չի կարողանում դիմադրել մեդիացիներին, որոնք Ք․ ա․ 590 թ․ գրավում և ավերում են Տուշպա-Վանը, որից հետո Արարատյան դաշտ ներխուժած սկյութական ցեղերը թալանում, հրդեհում և կործանում են Թեյշեբաինին: Հրդեհված քաղաքում ապրել այլևս հնարավոր չէր․ բնակիչները տեղափոխվում են Էրեբունի: Վերջինս նույնպես ենթարկվել էր ավերածությունների, բայց չէր հրդեհվել:

Գուցե հենց այդ նպատակով էլ կառուցվել էր Թեյշեբաինին, որպեսզի անհրաժեշտության դեպքում փրկեր Էրեբունին կործանումից: Հետագա դարերում Էրեբունին Աքեմենյան Պարսկաստանի կողմից հայոց թագավորության նվաճումից հետո դառնում է սատրապություններից մեկի կենտրոնը: Միջնադարում 11-12-րդ դարերում Կարմիր բլուրի վրա եղել է դաստակերտ, որի ժամատունը կանգուն է մնացել մինչև 20-րդ դարի 30-ական թթ․:

Շինարարական աշխատանքների ժամանակ գտնված պատահական գտածոներն առիթ են դարձել պեղումներ կատարելու նաև շատ ու շատ այլ վայրերում, որտեղից գտնվել են հնագույն մարդկանց բնակության էլ ավելի վաղ շրջանի հետքեր: Այսպես, 1925 թ․ Ծիծեռնակաբերդի ստորոտում՝ Հրազդան գետի ափին, Երևանի առաջին հիդրոկայանը կառուցելիս հողի տակից հանվեցին բրոնզեդարյան հնագույն գործիքներ և խեցե իրեր:

Ավելի ուշ Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմքերը փորելիս՝ հայտնաբերվեցին հնագույն շրջանի կառույցների հետքեր: Դրանք հաստատում էին հնում բլրի գագաթին եղած բերդ-ամրոցի գոյությունը, որն ավանդազրույցից հայտնի է «Աստղկաբերդ» անունով: Վերջինիս համաձայն՝ բերդ-ամրոցում ապրում էր սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը: Բերդի աշտարակի ամենաբարձր հարկում նա պահում էր իր սիրելի սուրհանդակներին՝ ծիծեռնակներին, այդ պատճառով էլ բարձունքը մինչև այսօր կոչվում է Ծիծեռնակաբերդ:

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս տեղանքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար: 1926 թ․ նեոլիթյան մշակույթի հետքեր հայտնաբերվեցին Երևանի քարհանքում՝ Նորքի մոտ, Գետառի աջ ափին, որոնք վկայում էին հնագույն մարդու կողմից բնակեցված լինելու մասին: 1936-37 թթ․ «Սասունցի Դավիթ» կայարանի շինարարության ժամանակ շրջակայքից գտնվեց պղնձի-քարի դարի (էնեոլիթ) շուրջ 1000 հնագիտական իր: Հնագույն բրոնզեդարյան բնակատեղի է հայտնաբերվել նաև ֆիզիկայի ինստիտուտի տարածքում (Հրազդան գետի ափին՝ Քանաքեռի ուղղությամբ): Բնակատեղին հին երևանցիները անվանում էին Կարմիր բերդ:

Մեր նշած տարածքներից շատերը ժամանակակից Երևանի կազմում են ընդգրկվել 18-19-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերը, այդ պատճառով էլ, չնայած ավելի հին են և մեր քաղաքի պատմությունը ավելի հեռավոր ժամանակներ են տանում, բայց քաղաքի հիմնադրման ժամանակը մենք հաշվում ենք Վանի Արարատյան թագավորության շրջանից սկսած: Կան գիտնականներ, որոնք Շենգավիթի պեղումների արդյունքով մեր քաղաքը համարում են 6000 տարեկան: Երևանն այնքան հնագույն քաղաք է, որ մեկ կամ մի քանի հազարամյակները նրա պատմության մեջ ոչինչ չեն պակասեցնում:

(շարունակելի)
Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
Շողակն Արարատյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում