Նախագահականը բացահայտել է ԲՀԿ-ի գաղտնիքը

ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շարունակել է խորհրդակցությունները ՀՀ ԱԺ խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Երեկ Ս. Սարգսյանն ընդունել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այդ, ըստ պաշտոնական հաղորդագրության, նույն նպատակով Ս.Սարգսյանը, ՀՀԿ-ից բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ:

«168 Ժամ»-ի դիտարկմամբ, այս տեղեկատվությունն ուշագրավ է ոչ միայն այն առումով, որ «ընդհանուր առմամբ իշխանափոխություն» պահանջող ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Ս. Սարգսյանին՝ խորհրդակցելու այն վարչապետի նշանակման հարցի շուրջ, ում գործունեությունը համարում է ձախողված: Բանն այն է, որ երեկ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ (ըստ որոշ աղբյուրների՝ Ս. Սարգսյանի, մյուսների համաձայն՝ Տ. Սարգսյանի հետ), ինչը ԲՀԿ-ականները համառորեն հերքում էին: Այսպիսով, կամ նրանք չէին տիրապետում իրենց առաջնորդի հանդիպման մասին տեղեկատվությանը, կամ ցանկանում էին գաղտնի պահել, որ Ծառուկյանը հանդիպել է Ս. Սարգսյանին՝ երևի համարելով, որ դա այնքան էլ դրական ազդեցություն չի ունենա նախընտրական քարոզարշավի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում