Մրգասեր Մատնաչափիկի հեքիաթը
Նմանատիպ
Մատնաչափիկը միրգ շատ էր սիրում: Մայրիկը միրգ էր բերում շուկայից, դնում սառնարանը: Երեկոյան բացում էր սառնարանը ու զարմանում.
-Այս ո՞վ է կերել այսքան խնձորը: Մատնաչափիկ, չե՞ս տեսել:
-Չեմ տեսել, ես տիկնիկիս հետ էի խաղում, ոչինչ չեմ տեսել:
Հայրիկը մի մեծ ձմերուկ գնեց շուկայից ու տուն բերեց: Ձմերուկը դրեցին ջրի ծորակի տակ, որ ճաշելուց հետո կտրեն:
Մատնաչափիկը պտույտ էր գալիս ձմերուկի շուրջը, մեկ էլ նկատեց դանակի անցքը, որ վաճառողը կտրել էր համտեսի համար:
Մատնաչափիկը, որ կարդացել էր “Պույպույ մուկիկը”, հիշեց, թե Պույպույը ինչպես մտավ կոկոսի մեջ ու ինքն էլ, նրա հաջողությամբ ոգևորվելով, մտնում է ձմերուկի մեջ:
Ուտում է, ուտում ու հոգնած քնում ձմերուկի մեջ:
Երբ ճաշը վերջացրին, մայրիկն ասաց.
-Հիմա բերեք ձմերուկը: Ո՞ւր է Մատնաչափիկը, նա ձմերուկ շատ է սիրում:
Այդ ժամանակ նոր նկատեցին, որ Մատնաչափիկը չկա:
-Մատնաչափի՛կ, Մատնաչափի՛կ:
Մատնաչափիկը քնած էր ու մայրիկի ձայնը չլսեց:
-Լա՛վ, կտրեք ձմերուկը, իսկ Մատնաչափիկի բաժինը կպահենք, երևի խաղալու է գնացել:
Բերեցին ձմերուկը: Հայրիկը դանակը վերցրեց, մի քանի անգամ ձմերուկը ձեռքի մեջ խաղացրեց ու այն է ուզում էր կտրել, ձմերուկի միջից մի լացի ձայն լսվեց.
-Վա՛յ, մամա ջան, օգնեցե՛ք:
-Ո՞վ կա ներսում,-հարցրեց հայրիկը:
-Ես եմ օգնեցե՛ք:
-Ես եմ, ձեր Մատնաչափիկը, չե՞ք ճանաչում, օգնեցե՛ք, չեմ կարողանում դուրս գալ:
-Այ մարդ, զգույշ, մեր Մատնաչափիկն է,- անհանգստացավ մայրիկը:
Հայրիկը շատ զգուշորեն կտրեց ձմերուկի կեղևը, բացեց: Ձմերուկի միջուկը ամբողջովին կերած էր, միայն մի անկյունում՝ մեջքի վրա մեկնվել էր Մատնաչափիկը: Մատնաչափիկ մի ասա, մի դհոլ ասա:
-Ահա, թե ով է միշտ մրգերը ուտում,- ասաց մայրիկը,- իսկ որ ուզես չե՞նք տա, բկլիկ:
Մատնաչափիկը ամաչեց ու խոսք տվեց՝ առանց մայրիկին ասելու միրգ չի վերցնի սառնարանից: Անցավ մի քանի օր, ձմերուկի դեպքն էլ մոռացվեց:
Մայրիկը մի օր ասաց.
– Մատնաչափիկ, դու տանը խաղա, ես գնում եմ շուկա միրգ բերելու:
-Լավ, մայրիկ գնա,- ասաց Մատնաչափիկը:
Ասաց, բայց մտքով շուկայում էր: Ի՞նչ աներ. միտք արեց, միտք ու հնարը գտավ: Մայրիկը զամբյուղը դրեց սեղանի վրա ու գնաց աշնանային վերարկուն հագնելու: Մատնաչափիկը գաղտագողի բացեց զամբյուղի կափարիչը, մտավ մեջը և աննկատ կուչ եկավ:
Մայրիկը վերարկուն հագավ, զամբյուղը վերցրեց ու գնաց շուկա: Նա գնեց տանձ, խնձոր, խաղող, սալոր, դեղձ, լցրեց զամբյուղի մեջ: Մայրիկը մի կողմից մրգերը գնում – լցնում էր զամբյուղի մեջ, մյուս կողմից՝ Մատնաչափիկն ուտում էր:
Մայրիկը գնումները վերջացրեց ու վերադարձավ տուն: Զամբյուղը դրեց ներքև ու մինչ վերարկուն էր հագնում, Մատնաչափիկը դուրս եկավ մրգերի տակից ու արագ գնաց մյուս սենյակ և սկսեց խաղալ տիկնիկի հետ:
-Ի՛նչ խելոք բալիկ ունեմ,- ուրախ ասաց մայրիկը:- Հիմա միրգ լվանամ ու բերեմ:
Որքան եղավ մայրիկի զարմանքը, երբ տեսավ, որ Մատնաչափիկը հրաժարվեց միրգ ուտելուց:
-Մատնաչափիկը միգ չուտի՞, պատճա՞ռը:
-Փորս ցավում է:
Մայրիկը այս կողմ ընկավ, այն կողմ ընկավ, վերջը բժիշկ կանչեց:
-Աղջիկս ոչինչ չի կերել, բայց փորը ցավում է, օգնի՛ր, բժիշկ ջան,- ասաց մայրիկը:
Բժիշկը քննեց, քննեց ու դառնալով Մատնաչափիկին, ասաց.
-Ես կարծում եմ, որ շատ ուտելուց է ցավում քո փորը: Եթե չխոստովանես ինչ ես կերել, կարող է սխալ դեղեր գրեմ ու վտանգավոր կլինի: Ազնվորեն խոստովանիր, որպեսզի կարողանամ ճիշտ բուժում նշանակել: Դե, խոստովանիր, ի՞նչ ես կերել:
-Երկու խնձոր եմ կերել:
-Է՞լ:
-Հինգ սալոր:
-Ուրի՞շ:
-Յոթ տանձ:
-Միայն այդքա՞ն:
-Երեք սերկևիլ:
-Մրգից բացի ուրիշ ոչինչ չե՞ս կերել:
-Մեկ վարունգ:
-Հետո՞:
-Երկու պոմիդոր:
-Առանց լվանալո՞ւ:
-Այո՛:
-Այդ ե՞րբ հասցրիր,- զարմացավ մայրիկը:
-Շուկայո՛ւմ, մայրիկ ջան, քեզանից թաքուն: Վա՛յ, օգնեցե՛ք, փո՛րս, օգնեցե՛ք:
Մինչ բժիշկը շուռումուռ էր տալիս Մատնաչափիկին ու դեղեր գրում, մայրիկը նոր միայն նկատեց, որ տիկնիկը ընկած է հատակին, արջուկն ու շնիկը բարձրացել են մահճակալի բարձերի վրա, իսկ փիղը կնճիթով շրջել է սեղանը: Այդ բոլորը վկայում են, որ տանը ոչ ոք չի եղել ու խաղալիքները խառնվել են իրար:
Մատնաչափիկի փորը հազիվ լավացավ: Մատնաչափիկը այժմ խելոքացել է, նա առանց մայրիկի թույլտվության միրգ չի վերցնում: Չէ՞ որ մայրիկը ոչինչ չի խնայում նրան, որքան որ Մատնաչափիկի սիրտը ուզում է, այնքան միրգ է ուտում:
Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում