Ձերբակալվել է Բոստոնի ահաբեկչության գլխավոր կասկածյալը

Ինչպես հայտնում է Lenta.ru կայքը, օրեր առաջ Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալներից մեկին՝ 19-ամյա Ջոխար Ցարնաևին, հաջողվել է ձերբակալել՝ Բոստոնի Ուոթերթաուն արվարձանի բնակիչներից մեկի ահազանգի շնորհիվ։

Ցարնաևի ձերբակալումից որոշ ժամանակ անց ոստիկանության ներկայացուցիչները մամուլի ասուլիս են հրավիրել, որի ժամանակ պատմել են, որ մի բնակիչ արյան հետքեր է նկատել Ուոթերթաունի տներից մեկի ետնաբակում եղած նավակի կողքին, որի մեջ թաքված է եղել կասկածյալը։

Ոստիկանությունը շրջապատել է նավակն ու լուսաձայնային նռնակներ նետել այդ ուղղությամբ։ Բացի այդ իրավապահները նշել են, որ կասկածյալը ներկայում հոսպիտալացված է, քանի որ արնահոսում էր՝ ստացած ծանր հրազենային վնասվածքների պատճառով։

Ըստ աղբյուրի` մասնագետները Ցարնաևի վիճակը գնահատել են ծանր։ Ենթադրյալ ահաբեկչի ձերբակալումից հետո Բոստոնի և Ուոթերթաունի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, ովքեր իրենց ուրախություն են հայտնել Ցարնաևի ձերբակալման առթիվ։

Ջոխար Ցարնաևին հայտնաբերելու և ձերբակալելու գործողությունն սկսվել է այն ժամանակ, երբ ապրիլի 19-ին վերջինս և նրա ավագ եղբայրը՝ 20-ամյա Թամեռլան Ցարնաևը, փոխհարձգության մեջ էին մտել ոստիկանների հետ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի շենքի մոտ։ Արդյունքում զոհվել էր 1 իրավապահ և Թամեռլան Ցարնաևը, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Ջոխարին հաջողվել էր փախուստի դիմել գողացված մեքենայով։

Ցարնաև եղբայրները ապրիլի 15-ին տեղի ունեցած բոստոնյան ահաբեկության գործով գլխավոր կասկածյալներն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում