Բացառիկ իրադարձություն հայաստանյան երաժշտական կյանքում․ MEDICI.TV-ով ուղիղ եթերում կհեռարձակվի Խաչատրյնականի 5-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը
Նմանատիպ
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը դեկտեմբերի 11-ին ուղիղ եթերում առցանց կհեռարձակի աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։
Սա բացառիկ իրադարձություն է ինչպես հայաստանյան երաժշտական կյանքում, այնպես էլ Խաչատրյանի միջազգային փառատոնի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։
MEDICI.TV-ն 2008 թվականից ի վեր երաժշտասերներին հնարավորություն է ընձեռում ունկնդիր լինել դասական արվեստի լավագույն կատարումներին։ Այս հարթակում հեռարձակվում են աշխարհի լավագույն կոլեկտիվների՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Royal Concertgebouw և այլ նվագախմբերի, ամենահեղինակավոր համերգասրահների, փառատոների ու մրցույթների համերգները։
MEDICI.TV-ն ունի դասական երաժշտության աշխարհում ամենամեծ գրադարանը։ Այստեղ պահվում է մոտ 18000 ծրագիր (3000 բնօրինակ աշխատանքներ), այդ թվում՝ համերգներ, բալետներ, օպերաներ և այլն։ Դեկտեմբերի 11-ին աշխարհի ամենախստապահանջ ունկնդիրը հնարավորություն կունենա շփվելու հայկական կատարողական և կոմպոզիտորական արվեստի հետ. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»:
MEDICI.TV-ով համերգի ուղիղ հեռարձակումը մեծ նախապատրաստական աշխատանքներ է ենթադրում։ Հեռուստաընկերությունն ունի հստակ չափանիշներ, և խաչատրյանական փառատոնի կազմակերպչական խումբը կարողացել է բավարարել բոլոր այդ պահանջները։ Ընդ որում, տարածաշրջանում առաջինը հենց Հայաստանն ու Խաչատրյանի փառատոնն են, որ ներկայանալու են նման մեծ լսարանի առջև։ MEDICI.TV-ին մշտական հետևողները 500000-ից ավելին են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում