Հայաստանում ԲՈՒՀ ունենալը շահավետ է, բայց բիզնես չէ. Անահիտ Հարությունյան
Նմանատիպ
Հայաստանի կրթական համակարգում կատարված ու կատարվող բարեփոխումները միանշանակ տրամաբանված ու պլանավորված են, իսկ վերջին 25 տարվա ընթացքում կատարված բարեփոխումներից ամենակարևորը մասնավոր բարձրագույն կրթության ինստիտուտի ստեղծումն է: «Արարատ» հեռուսատընկերությանը տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը: Ըստ նրա` կրթության ոլորտում կատարված բարեփոխումների` այդ թվում և` Բոլոնիայի հռչակագրին միանալու նպատակն ուսանողին օգնելն է` ստանալ ժամանակակից, նոր չափանիշներին համապասխան կրթություն և մրցունակ լինելու աշխատաշուկայում: Սակայն ավագ դպրոցների հետ կապված Անահիտ Հարությունյանը դեռ անելիքներ է տեսնում: «Ավագ դպրոցի հանդեպ պետական քաղաքականությունը շատ կարևոր է: Մենք ստացանք ավագ դպրոցների դաս, որի բովանդակությունը, սակայն, դեռ չի գոհացնում: Ավագ դպրոցի սանը պետք է հստակ մասնագիտական կողմնորոշում ունենա»,-ասում է տիկին Հարությունյանն ու հույս հայտնում, որ «Բարձրագույն կրթության մասին օրենքում» փոփոխություններից հետո ոլորտի պատասխանատուները հայացք կդարձնեն ավագ դպրոցին:
Հարցին` շահավե՞տ բիզնես է, արդյոք, Հայաստանում ԲՈՒՀ ունենալը, տիկին Հարությունյանը պատասխանեց` շահավետ է, բայց բիզնես չէ: Կրթության միջազգային ակադեմիայի նախագահը շեշտելով հայաստանյան գործարարների անտարբերությունը բուհերի և դրանք որպես շահի աղբյուր չդիտարկելու փաստը, բերում է արտասահմանում ընդունված պրակտիկան, երբ խոշոր գործարարները ոչ միայն բուհեր են հիմնում, այլև որակյալ կադրեր ստանալու համար հոգում լավագույն ուսանողների կրթության հետ կապված բոլոր ծախսերը: ԲՈՒՀ-գործատու կապի ստեղծմամբ, զրուցակցի համոզմամբ, պետք է շահագրգռված լինեն թե´առաջինը, թե´ երկրորդը:
Մանսավոր բուհերում սովորող ուսանողների այնքան էլ չգոհացնող վիճակագրությունը (նրանք կազմում են ուսանողության ընդհանուր թվի մոտ 10 տոկոսը) տիկին Հարությունյանը կապում է ավելի շատ հասարակության ունեցած կարծրատիպերի հետ, որոնք, սակայն, ըստ նրա, տարիների ընթացքում կփոխվեն: Իսկ ՀՀ-ում գործող մի շարք մասնավոր բուհերի պետական հավատարմագրումը, նրա խոսքով, արդեն իսկ նշանակում է, որ պետությունը վստահում է այնտեղ տրվող կրթության որակին:
Մանրամասները` տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում