«Հարսնաքարի» մի քանի աշխատակիցներ ցուցմունք կտան Վահե Ավետյանի սպանության գործով

Ապրիլի 26-ին՝ ժամը 14:00-ին, Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է Haynews.am լրատվական կայքը:

Ըստ աղբյուրի` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդեցին, որպեսզի դատարանում վկայություն տան եւ հարցաքննվեն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը եւ եւս մի քանի երգիչներ, երաժիշտներ ու պահակներ: Ներկայացուցիչները պնդել են նաեւ, որպեսզի դատարն ներկայանան մի քանի բժիշկներ, ովքեր տեղյակ են եղել Վահե Ավետյանի իրական վիճակից:

Դատավորը Ռուբեն Հայրապետյանին հրավիրել-չհրավիրելու մասին որոշում չի կայացրել: 3 այլ վկաներ, «Հարսնաքար»-ի մենեջեր Դավիթ Հայրյանը, մատուցողներ Մանուկ Մնացականյանն ու Գեւորգ Մելիքյանը կհրավիրվեն դատարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում