«Լեռնցիների պար» քանդակախմբի հարցով քաղաքապետարանը կդիմի կառավարությանը
Նմանատիպ
«Լեռնցիների պարը» արձանի վնասված լինելու կապակցությամբ հայտարարությամբ քիչ առաջ հանդես եկավ Երևանի քաղաքապետարանը:
2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ’ Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովը քննարկել է քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած «Լեռնցիների պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը, այն մտայնությամբ, որ տևական ժամանակ է, ինչ «Դվին» հյուրանոցը վերակառուցման փուլում է գտնվում և, հյուրանոցի հետ, պարսպից ներս է մնացել նաև քանդակաշարը’ հայտնվելով հանրության տեսադաշտից դուրս:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանից հայտնում են, որ քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ, «Լեռնցիների պար»-ը համահունչ և ներդաշնակ է հենց տվյալ տարածքին:
Նախօրեին արդեն իսկ ՀՀ կառավարությունը, հանձինս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության, հաստատել է «Դվին» հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը:
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ’ քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով’ վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:
Երևանի քաղաքապետարանը իր մտահոգուրթյունն է հայտնում հուշարձանի վնասվելու այսօր արձանագրված փաստի առնչությամբ:
Հաշվի առնելով, որ «Լեռնցիների պար» քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը՝ քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել «Լեռնցիների պար» քանդակախմբի վերականգնման գումարները’ ապահովելով նաև հուշարձանի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ երեկ Ֆեյսբուքում տարածվել էր «Լեռնային պար» արձանը լուսանկար, որը վկայում է այն մասին, որ «Դվին» հյուրանոցի տարածքում տեղադրված արձանախումբը ավերվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում