Նաիրա Զոհրաբյան. Մայիսի հինգին կարող են շատ բան փոխել

«Մենք տեսնում ենք, որ տևական ժամանակ է մեր երկրում հնարավոր չի լինում իրականացնել լուրջ, համակարգային փոփոխություններ և երեկ տեսանք, որ ոտնահարելով ժողովրդի կարծիքը վերանշանակվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը»,-այս մասին այսօր Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակում Լենինգրադյան փողոցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե սրա համար է նա վերանշանակվել, ապա մենք ձեզ հետ լուրջ մտածելու տեղ ունենք, որովհետև որևէ տրամաբանություն’ քաղաքական, մարդկային, բարոյական այդ վերանշանակման մեջ չկա»,-հավելեց նա ու հորդորեց տեսագրող սարքեր տեղադրել Բավրայի, Բագրատաշենի անցակետերում, ինչպես նաև «Զվարթնոցում» և ընդամենը հինգ ժամ անց պարզ կլինի, թե ինչ աղետալի ցուցանիշի է հասել արտագաղթը և ինչ տեմպերով է լքում հայրենիքը քաղաքացին:

Նա նշեց, որ իրենց համար անչափ կարևոր է, որ երեւանցիներե հավատան իրենց եւ հավելեց, որ իրենք մայիսի հինգին կարող են շատ բան փոխել:

Նա նաև նշեց, թե երեկ իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է , թե իրենք են որոշում խաղի կանոնները, մինչդեռ ամեն ամբիոնից հայտարարում են, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է: Հարց է առաջանում, շարունակեց նա, ինչպես է այդ դեպքում ստացվում, որ իրենք են թելադրում խաղի կանոնները, եթե սա ժողովրդավար երկիր է.

«Հավատացեք’ ԲՀԿ-ն տեր է լինելու ձեր քվեին, իսկ նման հայտարարություններ անողները դա անում են վախից»,- ընդգծեց նա:

Իր խոսքում ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն էլ անդրադարձավ վարչապետի վերանշանակմանը ու նշեց, թե մնում է, որ Երևանի քաղաքապետն էլ մնա նույնը, ու մենք բոլորս «ապրենք երջանիկ մեր բոլոր խնդիրներով’ տրանսպորտային, կենցաղային, բնապահպանական» և այլն.

«Քաղաքային իշխանությունը չպետք է սպասի, որ մի տեղ, ասենք, ջուր պայթի, որպեսզի դա անի: Քաղաքային իշխանությունը պետք է հստակ պլան ունենա առաջիկա տարիների իր գործունեության, իսկ հիմա հետ նայելով մենք տեսնում ենք, որ անցած տարիների ընթացքում խնդիրները մնացել են նույնը»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով, ԲՀԿ-ն ձգտում է նրան, որ քաղաքային իշխանությունն ունենա հստակ մեխանիզմ, որը միտված է երևանցու խնդիրների լուծմանը և ոչ թե սպասի, թե ինչ խնդիր կլինի, որ նոր ընկնի լուծում փնտրի.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում