«Ով չի լսում աստղերի երգը, նա չի երազում»
Նմանատիպ
Օրերս հայրենիք վերադարձավ շնորհալի ջութակահարուհի-երգահան Լուսինե Սարգսյանը, որը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու «Կախարդական հրավառություն» կոչվող մրցույթ-փառատոնին:
Զրուցեցինք Լուսինե Սարգսյանի հետ:
-Կպատմեք, թե ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանից ընտրվեցիք միայն դուք:
-Ես մեկ տարի շարունակ ստանում էի հրավերներ տարբեր միջազգային ջութակահարների մրցույթներից, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով մեկնել չէր հաջողվում: Նախորդ տարվա մայիսին ստացա հրավեր Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Կախարդական հրավառություն» մրցույթ-փառատոնից: Դիմեցի մշակույթի նախարարին, սակայն ի պատասխան եկավ գրություն առ այն, որ նախարարությունը պատրաստակամ է միայն ճանապարհածախսը հոգալու համար: Բայց կեցության հարցը մնում էր օդից կախված. չէ՞ որ ես, այն բանից հետո, ինչ ավարտել եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, չեմ աշխատում եւ ապրում եմ ընդամենը պետության կողմից հատկացվող թոշակի, նպաստի եւ ընկերական շրջապատի կողմից տրվող օգնության հաշվին: Հուրախություն ինձ, ամիսներ առաջ զանգ ստացա փառատոնի կազմակերպիչներից մեկի կողմից, ով ասաց, որ կեցության ծախսերը իրենք պատրաստ են վերցնել իրենց վրա, միայն թե ես մեկնեմ եւ իմ մասնակցությունը ցուցաբերեմ մրցույթին:
-Ո՞ւմ հետ էիք մեկնել եւ ի՞նչ ծրագրով հանդես եկաք:
-Կես տարի է, ինչ սկսել եմ պարապել դաշնակահարուհի, կոնցերտմայստեր Բելլա Օսիպովայի հետ, որը 30 տարի է՝ դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Այս կարճ ժամանակահատվածում մենք հասցրեցինք ունենալ 3 մենահամերգ Երեւանի տարբեր համերգասրահներում, որտեղ կատարեցինք այնպիսի բարդ ստեղծագործություններ, ինչպիսիք էին Մենդելսոնի, Խաչատրյանի եւ Մոցարտի ջութակի կոնցերտները, մի շարք սոնատներ եւ պիեսներ: Այս մրցույթում ինձ ուղեկցում էր իմ դաշնակահարուհին, քանի որ ես 5 տարի առաջ ծնողներիս մահից հետո կորցնելով տեսողությունս, հայտնվեցի միայնության մեջ՝ իմ ջութակի հետ: Մրցույթ-փառատոնը բաղկացած էր մեկ փուլից, որը կայացավ Սանկտ Պետերբուրգի Կոմպոզիտորների միության դահլիճում, որն ունի 200 տարվա պատմություն: Այս փուլում հանդես եկա բավականին բարդ ծրագրով, որում ներառված էին Կամիլ Սեն-Սանսի «Խավանես» պարը եւ Արամ Խաչատրյանի «Սի բեմոլ մաժոր» ջութակի պարը: Ելույթից անմիջապես հետո, ժյուրիի անդամները հրավիրեցին քննարկում կլոր սեղանի շուրջ, որտեղ արդեն իսկ հայտնի դարձավ իմ՝ գալա համերգին մասնակցելու որոշումը: Գալա համերգը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասում 9 հաղթող մասնակիցների կատարումներն էին, որից հետո տեղի ունեցավ պարգեւատրման արարողությունը, իսկ 2-րդ մասում սկսվեց մրցանակաբաշխությունը, որի ժամանակ առաջինը բեմ հրավիրեցին ինձ՝ դաշնակահարուհուս հետ եւ հանդիսավոր կերպով հանձնեցին 1-ին տեղի պատվոգիրը, «Ոսկե մեդալը», ինչպես նաեւ ստացա հրավեր՝ մարտի վերջին Պրահայում կայանալիք «Պրահյան աստղաբույլ» կոչվող մրցույթ-փառատոնին մասնակցելու համար: Այս փառատոնին էլ ինձ տրամադրվելու է որոշակի զեղչ, սակայն պետք է փնտրել հովանավորներ՝ մնացած այլ ծախսերի համար:
-Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել կյանքի այսքան դաժան հարվածները՝ կորցնելով ծնողներին եւ տեսողությունը: Ի՞նչն է ձեզ օգնում մնալ այդքան ուժեղ եւ պայքարել:
-Դեռ մանկուց ես միշտ քայլել եմ իմ երազանքների ետեւից, մանավանդ դերասանուհի մայրիկիս ներկայացումներից մեկի ժամանակ լսելով ջութակահար Սարգիս Թաշջյանի նվագը, որոշեցի ես էլ ընտրեմ ջութակահարի ուղին: Եվ կարծում եմ՝ ստացվեց. ընդունվեցի Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց՝ Ալեքսանդր Կոսեմյանի դասարան, զուգահեռ հաճախելով կոմպոզիցիայի դասերի՝ Անահիտ Կոստանյանի դասարան: 2008թ. ավարտելով դպրոցը, ընդունվեցի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ ջութակի եւ կոմպոզիցիայի բաժիններ: Հայրիկիս մահից հետո մայրիկիս մոտ հայտնաբերեցին քաղցկեղ, որն օրեցօր ավելի էր սրվում՝ իր կնիքը դնելով իմ տեսողության վատթարացման վրա: Իսկ մայրիկիս մահից հետո ամբողջությամբ կորցրեցի տեսողությունս, սակայն Իսրայելում սկսել են վիրահատություններ, եւ հույս ունեմ, որ գտնելով հովանավորներ՝ կվերականգնեմ կորցրած տեսողությունս:
-Ի՞նչ երազանքներ եւ ապագայի ինչպիսի՞ ծրագրեր ունի Լուսինե Սարգսյան ջութակահար-երգահանը:
-Ով չի լսում աստղերի երգը՝ նա չի երազում, իսկ ով չի երազում, նա չի ապրում: Իսկ իմ ներշնչանքի աղբյուրն է հանդիսանում իմ սիրած էակը, որը ծառայում է հայկական բանակում որպես սպա: Իսկ մյուս երազանքս է հանդես գալ համաշխարհային մեծ բեմերում ու նվաճել նորանոր բարձունքներ: Այժմ դաշնակահարուհուս հետ պատրաստվում ենք մարտին Երեւանում կայանալիք դասական արվեստի բնագավառում մրցանակաբաշխությանը, որից հետո կմեկնենք Պրահա, եւ նորանոր նվաճումներ…
Հետևեք մեզ նաև Telegram-ում