Եվ բերեմ սերմեր
Նմանատիպ
Մի օր էլ անցավ, և մի ակնթարթ մի դարի չափով,
Գիշեր է կրկին, և հառաչում են աստղերը մրսած,
Իմ մեջ ոռնում են հազար տարեկան շներ անատամ,
Եվ ես չեմ կարող քանդել երկաթե կապերը նրանց:
Փակ են դռները՝ և՛ քամու առաջ, և՛ կարոտների,
Փակ են, անտարբեր նաև գթության ձեռքերի առաջ,
Բայց վերհուշի դեմ անզոր են նրանք և արհամարված,
Արհամարհված են իմ ներշնչանքի, հոգուս ուժի դեմ:
Ոտնահետքերս իր մեջ ամփոփած ճգնում է ճամփան,
Եվ սպասումի ահը խեղդել է հառաչանքը ծեր,
Եղևնիները արդեն հագել են ճերմակ պատմուճան.
Հոգիս երկնում է վերջին գալստյան – հարության երգեր:
Ճշմարտությունը մթագնել է արդեն վանքի կողերին,
Պատերի վրա մամռակալել են հետքերը արյան,
Իմ հիշողության ծալքերում որքան փորձում եմ ջնջել՝
Էլի հառնում է կիսալուսինը՝ կեռ մի յաթաղան:
Ափսո՜ս չեն բացվում բռունցքեր դարձած մատներն իմ հիվանդ.
Դուրս գամ ասպարեզ,- երկնքից թափվող նզովքը հնձեմ,-
Եվ Նեմեսիսի ոգին գողանամ սանդարամետից,
Նրա չարությամբ՝ անդուլ – մեղսածին դևերին սանձեմ:
Հրեղեն կառքող սլանամ դեպի գագաթը Մասյաց,-
Հալեցնեմ հազար տարվա սառույցը Նոյյան տապանի,-
Եվ բերեմ սերմեր, որոնց պտուղը երկրում չորացավ,
Եվ անխոցելի սկիզբը դնեմ իմ նոր ոստանի:
Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում