Տիգրան Համասյանն ու «Հավատամքը» համատեղ համերգ կունենան
Նմանատիպ
Դեկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա ինքնատիպ համերգ՝ հանրահայտ ջազային երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու «Հավատամք» հոգեւոր միության համանուն երգչախմբի մասնակցությամբ:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու եւ «Հավատամք» հոգեւոր միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ներկայիս երգչախումբը «Հավատամք» հոգեւոր միության ենթակառուցվածքներից է:
«Հավատամք» երգչախումբը դեռեւս 2009թ. ստեղծված «Արարատ» երգչախումբն է, որը 2013 թ վերանվանվեց «Հավատամք»: Երգչախումբը, բացի եկեղեցում երգելուց, պատարագի արարողության երգեցողությունից, ամեն երեքշաբթի խոկման արարողությանն է մասնակցություն ունենում:
Այն մասնակցել է բազմաթիվ փառատոների ՀՀ տարածքում եւ մեր երկրի սահմաններից դուրս: Մի քանի տարի առաջ Բելառուսից վերադարձել է առաջին մրցանակով, երգել է տերունական վայրերում, Սուրբ երկրում, բազմաթիվ սոցիալական հաստատություններում:
Հայաստանյան փառատոներին այն նույնպես մրցանակների է արժանացել»,-ասաց տեր Հակոբը: Նա նշեց, որ երգչախմբի անդամները բավականին հմտացել են, խումբը համալրվել է ձայնային եւ որակական տվյալներ ունեցող նոր անդամներով:
«Նաեւ բարեբախտություն ունենք, որ մեր խմբավար Լիլիթ Եդիգարյանը բազմափորձ է եւ պրոֆեսիոնալ»,-ասաց տեր Հակոբը: Նա համերգային ծրագիրը որակեց կուլմինացիոն, նման ծաղկման շրջանի. «Համերգի բովանդակությունն էլ յուրահատուկ է, կլինեն ընտրված համարներ, ընդ որում մի մասն առաջին անգամ է հնչելու, ծրագրում եւ հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների գործեր են, որոնք ժամանակին չեն ընտրվել բարդ լինելու պատճառով:
Տիգրան Համասյանի մասնակցությունը կարեւոր է մեզ համար, դրանով նա արտահայտում է իր վերաբերմունքը թե խմբավարի աշխատանքի, թե երգող խմբի եւ թե եկեղեցու ու մշակույթի նկատմամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում