Գեներալը, ներքինին և «Ազգ փրկելը»
Նմանատիպ
Օ՜, կանացի էր մեր գեներալը: Փափլիկ մատեր, միայն ներքինիներին հատուկ անմազ կզակ, որի վրա խորշոմած մաշկն ու դեղնականաչավուն մանր աչքերը ոչ թե հիշեցնում էին առնական տղամարդու, այլ անսեռ ու գնդլիկ մի տարայի, որտեղ ամենաարտահայտիչը ուսադիրներն էին ու վրայի մեծ աստղը՝ փայլուն ու ոսկեկար: Ունիվերսալ էր մեր գեներալը: Խոնարհ եզի հայացքից մինչև դիակ տեսած լեշակեր անգղ ընդամենը մեկ վայրկյան էր, մեկ հպանցիկ անցում, որը հղի էր զոհի համար ամենաանկանխատեսելի հետևանքներով: Երբ սկսում էր շարժել յուր պարարտ մարմինը, հեռվից նայողը ակամայից կկարծեր, որ մսացու ղոչ է անցնում, այնքան հեզասահ ու սինխրոն էին շարժվում ճարպերը: Բայց դե մարդու արտաքինի վրա ծիծաղելն, իհարկե, մեղք է, մանավանդ, որ հոգու խորքում, այնտեղ, որտեղ գտնելը շատ դժվար է, մեր գեներալն իսկապես հայրենասեր էր: Առավոտյան խաշի սեղանի շուրջ անպայման մի քանի բաժակ լավագույն օղի կոնծելիս խմում էր Հայրենիքի ու բանակի կենացը, հետո մի պահ աչքերով ուսումնասիրում չորս կողմն ու ֆիքսում, որ խաշակից ընկերները լսել են իր արտահայտած դարակազմիկ մտքերն ու նոր խմում՝ այս կերպ ինքն իրեն ու ուրիշներին համոզելով, թե գրողը տանի, որքան հայրենասեր եմ ես: Բայց դե, հանուն արդարության, պետք է ասել, որ գեներալը միայն խաշի սեղանի շուրջ չէ, որ հիշում էր յուր Հայրենիքը: Մարդը գործով էր ապացուցում: Երբ որևիցե մեկի գլխին գործ էր շինում ու հետո համապատասխան բախշիշի դիմաց բաց թողնում, ինքն իր ու դիմացինի համար պարբերաբար հիշեցնում էր, որ եթե այդքան հայրենասեր չլիներ, հաստատ էդ փողի վրա թքած կունենար ու «հանցագործին» կուղարկեր մի քանի տարվա վաստակած հանգստի երկրիս լավագույն կալանավայրեր, բայց արժե՞ր, արդյոք, խորտակել մի ջահել կյանք, չէ՞ որ Հայրենիքի համար դեռ պիտանի կարող էր լինել այն սրիկան, որ վախեցած աչքերով նայում էր գեներալի կանացի մարմնին ու աղոթում՝ միայն թե էս ստահակը փողը վերցնի, գնամ երեխեքիս հասնեմ:
Հատկապես մեծ հայրենասիրություն էր դրսևորում երեկոյան, երբ, ինչպես հարկն է, աշխատողները հերթական քյաբաբի ու խորովածի սեղանն էին ապսպրում, որպեսզի շեֆը, ծամելով տավարի սուկիի յուղալի ու համադամ խորտիկը, մի քանի իմաստուն բառ շռայլի իրենց Հայրենիքի ու Պետության կարևորության մասին, ինչպես նաև անտիկ հունական մեծ իմաստասերին վայել հայացքով խորիմաստ հարցեր տա եղելությունների, տիեզերական ճշմարտությունների, և, որ ամենակարևորն է, օրվա ֆինանսական ներհոսքի մասին, և եղբայրաբար, աշխատողների հետ կիսի հերթական կանաչի ծախողից հանուն Հայրենիքի կորզած մի քանի ղուրուշն ու ծանր քայլերով շտապի դեպի մեքենան, որ մեր հերոսի մարմնի էլաստիկությունից ու ճկունությունից մի քանի տասնյակ աստիճանով թեքվում էր դեպի աջ և հիշեցնում միջնադարյան մի ավանակի, որին հեծած դեպի Երուսաղեմ է շտապում իսպանական ինկվիզիցիոն աբբայության քարոզիչներից մեկը:
Պետք էր միայն տեսնել, թե իր կերպանափոխության շրջանակներում որքան հեզ գառի տպավորություն էր թողնում մեր հերոսը, երբ գնում էր դեպի «վերևներ» զեկուցելու: Գերթանկարժեք կոշիկներն անմիջապես փոխարինվում էին զինվորական համեստներով, որոնք փայլեցնում էր հայելու պես և իր օրվա միակ ֆիզիկական աշխատանքը համարում գերկատարած: Այնուհետև ձգում էր ոստիկանական համազգեստն ու փորձում առաջ գցել կրծքավանդակը՝ ավելի խրոխտ ու մարտական տեսք ստանալու համար: Քաջարի կեցվածքը, սակայն, տևում էր մի քանի վայրկյան և գալիս փոխարինելու մեր գեներալին հատուկ փքված հնդկահավի շղարշին, որին վայելում է ճարպակալած փորն ու հետնամասը, իսկ ոտքերն այնքան բարակ են, որ միայն զարմանալ կարելի է, թե մինչև այսօր ինչպես են կարողանում իրենց վրա քարշ տալ այս անիմաստ և գրեթե երկու ցենտներ պարարտ զանգվածը:
Սովորականի պես, այս օրն էլ մեր հերոսն ընդունեց քաջարի զինվոր Շվեյկի երազած կերպարը, բայց ոչ որովհետև առիթ էր ունեցել կարդալու Հաշեկի փառահեղ ստեղծագործությունը, այլ որովհետև մտքի փայլատակումով էր ակամայից երազում լինել այնպիսին, ինչպես չեխ հայտնի վիպական հերոսն էր: Կրկին փայլեցրեց կոշիկները ու, գրողը տանի, մի կերպ հագավ դրանք, վրան հարմարեցրեց համազգեստը, որի մեջ առնվազն մեկ ջոկ զինվոր կտեղավորվեր, թևի տակ գործնական դրեց թղթերով լի պահարանը, դանդաղ ու ուշադրությամբ իջավ աստիճաններով, գլխի թեթև շարժումով ողջունեց դիմացից իրեն կռանալու աստիճան ժպտացող ենթականերին ու նստեց կրկին իր միջնադարյան ավանակը, որն արդեն սովորության աստիճան թեքվեց դեպի աջ ու սլացավ քաղաքիս փողոցներով:
Շեֆի ընդունարան մտնելուց առաջ մի քանի վայրկյան կանգ առավ, ինքն իրեն շտկեց ու դեմքին տալով նույն հեզ գառի արտահայտությունը, գրեթե զինվորական քայլով մտավ նախասենյակ, հետո անցավ միջանցքով ու բալետ պարողի թեթևությամբ հայտնվեց վերադասի աշխատասենյակում, որտեղ նրան դիմավորեց պարոն Գ…ն:
-Պարոն Ն…,-ողջունեց պարոն Գ…ն, ինչպե՞ս եք, հարգանքներս:
-Շնորհակալություն պարոն Գ…,-շունչը պահած ու չափից ավելի քաղաքավարի ընդունելությունից զարմացավ Ն…ն:
-Պարոն Ն…, պետք է ձեզ ուրախալի լուր հայտնեմ, ղեկավարությունը որոշել է գնահատել ձեր տարիքն ու ուղարկել վաստակած հանգստի, մենք ուզում ենք, որ դուք այլևս ժամանակ ունենանք զբաղվել ընտանիքով, թոռներով…
Փողոցում այլևս ավանակ չկար, որ հեծներ ու հասներ աշխատասենյակ: Ցուրտ աշխանանային քամին շոյում էր ներքինուն վայել խորշոմած դեմքը, աչքերն այլևս նույն արագությամբ աջ ու ձախ չէին վազում, իսկ տիրական հայացքը… Այն կարծես անհետացել էր ու փոխարինելու եկել բարի ու չաղլիկ ծերուկի կորսված հայացքին, որ զարմանքով նայում էր անցնող մարդկանց…
«Սատանան տանի, ինչու՞ են մարդիկ այսքան չար, պետք է փոխել այս երկիրը, մենք իրավունք չունենք մի կողմ կանգնելու»,-ինքն իրեն բուրիտանյան ավանակի համառությամբ համոզում էր պարոն Ն…ն ու շտապում ընդդիմության մոտակա գրասենյակ՝ երկիրը փրկելու ժամանակն է:
Նարեկ ԳԱԼՍՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում