Արմեն Ամիրյան․ «կինոյի մահանալու մասին լուրերը խիստ չափազանցված են»

Արմեն Ամիրյան․ «կինոյի մահանալու մասին լուրերը խիստ չափազանցված են»

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կայացավ հայկական կինոթանգարանի առաջին խորհրդանշական նմուշների հանձնման արարողությանը նվիրված մամուլի ասուլիս: Ներկայացվեցին հայկական կինոյում օգտագործված բացառիկ իրեր, հայկական լեգենդար կինոֆիլմերի ստեղծմանը «մասնակցած» կինոնկարահանող տեխնիկա, արխիվային եզակի նմուշներ եւ այլն:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ կինոյի մարդկանց համար կարեւոր մասունքները վերջապես կհավաքվեն մեկ հարկի ներքո. «Պարոն Ամիրյանը մեծ ոգեւորությամբ ընդունեց հայկական սինեմատեկ ստեղծելու գաղափարը, ոտքով բարձրացանք, փոշիների մեջ ամեն անկյունն ուսումնասիրեցինք, նույնիսկ մեկ բաժակ օղիով շնորհավորեցինք իրար: Ոգեւորված եմ, որ կունենանք սինեմատեկ, որը չի լինի մեռած, պատահական թանգարան: Այն կլինի գործող թանգարան, որտեղ եւ դասախոսություններ կլինեն եւ ֆիլմեր կվերականգնվեն, կլինի գրադարան, կինոդարան նաեւ փոքրիկ սրճարան:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքերով, կինոյի մահանալու մասին լուրերը խիստ չափազանցված են. «Երբ մենք հավաքում ենք կինոյի ժառանգությունը, սրանով ապահովում ենք կինոյի շարունակականությունը, ապագան: Ես շատ ուրախ եմ, որ այս թանգարանի ստեղծման գաղափարը միավորել է բոլորիս: Նախարարության եւ կինոմիության համատեղ ուժերով կարող ենք միասնաբար իրականություն դարձնել կենդանի թանգարանի ստեղծման գաղափարը, որտեղ կինոգործիչները կարող են հանդիպել, խոսել իրենց ապագա ծրագրերից, հյուրեր ընդունել, փառատոներ կազմակերպել, ոգեւորել երիտասարդներին: Վստահ եմ, որ սա դառնալու է ամենահաճախելի թանգարաններից մեկը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում