Այնտեղ, ուր հատվում են զուգահեռները
Նմանատիպ
Անմեղությունը հաղթահարում է մեղքը, և եղջերավոր ջրերը
դադար են առնում ոսկե ձկնիկների հիշողության մեջ: Հանդիպման ժամը,
վայրը միշտ նախընտրում են, անգամ ծառն այն, որի սաղարթների մեջ
խշշում է լուսինը, մինչ բաժանումը լինում է այնտեղ, ուր և երբ պատահի:
Ես փաթաթում եմ ոտքերս մշտադալար ճանապարհների երազներով,
որ հանգստանամ: Բայրոնի թոռնուհին` Էնն Բլանտը, ինչ – որ նվագներ է լցնում
ունկերիս մեջ, և ես ինքնասպան գրողների ոսկորներ եմ
հավաքում դաշտերում:
Ահա երգեր եմ ձոնում օրիորդ լույսին, որ մի թեթև երես առել և
ֆոքսթրոթ է ցուցադրում քամուն տրված ծառի տակ: Ես սիրում եմ
սնվել խավարով, որը դեռ տաք է նոր մարած
արևաշողերից և որի վրա մաղադանոսի, հուշատերևի,
հույսի աղցան կա մի քիչ: Դու ինձ կերտել ես կապույտ բազալտից
ու հավատում ես, որ ես առյուծ եմ առնվազն, ու ինձ մնում է` ի ՞նչ,
աշխարհով մեկ մռնչալ հաղթական ու գլուխս դնել փափուկ կրծքիդ:
Բարև, փոթորիկ: Լեռը գնչուհու պարն է նախընտրել,
ծաղկաշող փեշերը ալեվետում են աջուձախ, վարուվեր,
և աստղերն ականջoղերի պես թափվում են շուրջը, ես
նրանցից մի զույգ վերցնում ու բերում եմ քեզ, և դու
դրանց կանացի բույրից խանդի տեսարան ես սարքում: Հնում,
երբ ասպետներն ուզում էին բաժանվել գլուխ տանող աղջիկներից,
գնում էին անմար հուր բերելու և այլևս չէին վերադառնում:
Զատիկը որոշել էր այցելել լուսնին և ծառն ի վեր ելնում էր,
երբ ծառը խելագարորեն շրջվեց ու գլխիվայր կանգնեց հողին,
արմատներով` երկինք: Ինչ – որ լքում կա ամենուրեք: Զատիկը թռավ,
կրծքիս կպավ անօգնական, և ես նրան տվի աստղերի բանալին`
խնձորենու մի թերթիկ: Լույսն ինձ կապել է իմ ստվերից և ուրուկված
ձիու նման չեմ կարող տեղս փոխել: Ուր է ծաղիկը` լոտոս
անունով, մի քիչ ծամեմ, ասում են` հարյուր տարվա մոռացում է բերում:
Ենթաերանգների մեջ միշտ թախիծ է լինում անբացելի: Ես դեռևս
չլքված անառակներին տանում եմ ծաղիկ արածացնելու, Ջոյս, և որքան էլ
տարօրինակ թվա, Ոսկե ձկնիկը նրանց մեջ է. «Կեր կամ դարձիր կեր»:
Ձայնի նվաճած տարածքներում աճում է լռությունը, որն
ավելի շատ է ունկնդրվում, քան Բեթհովենը կամ Բախը: Հիմա արևը շեղվել է
ընթացքից, և գաղափարը հոգեվարքի մեջ է, և նյութը շարունակում է
ձևավորել մարդուն, ինձ ու քեզ` նախապատրաստելով աշխարհի վերջը:
Անմեղությունը հաղթահարում է մեղքը, և եղջերավոր ջրերը
դադար են առնում ոսկե ձկնիկների հիշողության մեջ: Հանդիպման ժամը,
վայրը միշտ նախընտրում են, անգամ ծառն այն, որի սաղարթների մեջ
խշշում է լուսինը, մինչ բաժանումը լինում է այնտեղ, ուր և երբ պատահի:
Ես փաթաթում եմ ոտքերս մշտադալար ճանապարհների երազներով,
որ հանգստանամ: Բայրոնի թոռնուհին` Էնն Բլանտը, ինչ-որ նվագներ է լցնում
ունկերիս մեջ, և ես ինքնասպան գրողների
ոսկորներ եմ հավաքում դաշտերում:
Ոչ մի կապ չկա: Բացարձակապես: Ոչ մի կապ: Պարզապես ծնունդը չի ներվում:
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան– ծնվել է 1948թ․ մայիսի 21-ին, (ԼՂՀ Հադրութի շրջան՝ գյուղ Արփագյադուկ)։ Հայ բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2005)։ ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է։
1969 թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1969-1983 թթ. աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976-1983 թթ.՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1983-1991 թթ.՝ գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1991 թ.՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույսի» գլխավոր խմբագիր։ 1982 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։
Վարդան անունը կնքել է Հովհաննես Շիրազը։
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը և Հայաստանի պետական և ժողովրդական թատրոնները բեմադրել են Հակոբյանի «Հայելիներ» (1979) և «Քո սերը քո տունն է» (1981) «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» պիեսները։
Հակոբյանի քնարական բանաստեղծությունների («Մեղեդիներ», 1969, «Շանթահար կաղնին», 1974, «Մայրանում է լույսը», 1975, «Անմարելի-անմեկնելի», 1981, «Վաղվա աչքերով», 1987, «Արցախա ծուխ», 1989, «Ամարասի զանգերը», 1989 և այլ ժողովածուներ) հիմնական թեման ժամանակակից մարդու խոհերն են, կարոտի, սիրո ապրումները։
Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։
Ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում