Պույ-պույ մկնիկը

Պույ-պույ մկնիկը

Մի երկիր կա՝ Հնդստան,
Մի մուկիկ կար՝ ճստճստան,
Հնդստանի անտառում,
Կոկոս ծառի ծակուռում։

Ապրում էր նա իր համար,
Բարիքներում անհամար,
ՈՒ մի օր լավ, մի օր վատ՝
ՈՒներ ապրուստ քիչ թե շատ։

Օրը մի ճանճ, մի միջատ,
Մի ծեղ, արմատ, ցերնի հատ։
ՈՒտում էր ու քեֆ անում,
Խաղում, ապրում իր բնում։

Իր անունը Պույ-պույ էր,
Ազգանունը՝ Ճստունի,
Լացը՝ վայ-վայ, վույ-վույ էր,
Երգը տարայ-նայ-նի-նի։

Էսպես մուկիկն ապրում էր,
Վազվզելով վար ու վեր,
ՈՒ մի օր էլ ծանր ու մեծ
Իրեն-իրեն միտք արեց․

-Տունս կոկոս ծառի տակ,
Բերան չունե՞մ, թե՞ ճաշակ,
Ճանճ կերել եմ, ծեղ կերել,
Տեսնեմ կոկոսի համն էլ։

Այս ասելն էր, մեկ էլ դո՜մփ,
Ծառից կոկոսն ինչպես բոմբ
Ընկավ նրա առաջին։
-Կոկո՜ս, կաղին չէ՜ չնչին։

Միջուկն անու՜շ, յուղալի՜,
Բայց կեղևն է միայն հաստ,
Ահա ինչն է ցավալի․․․

Վրա ընկավ մուկիկը,
Բացեց իր սուր ճանկիկը,
Կծեց, կծեց, կծոտեց,
Բան դուրս չեկավ, չհաջողվե՜ց։

ՈՒ կոկոսի չորս կողմը
Ման է գալիս Պույ-պույը,
Կեղևն հաստ է, ոնց անի,
ՈՒ սկսեց վույ-վույը։

-Ախր ի՞նչ է, ի՞նչ կլի,
Տեսնեմ դրա համն էլի,
Մի քիչ կոկոս, մի քիչ ջուր,
Գոնե մի կում, մի պուճուր։

Դու մի ասի, ընկնելուց
Ծակ էր բացվել կոկոսում,
Էդ որ տեսավ, հմի էլ
Ծակից մտնել էր ուզում։

Բայց տեսեք ինչ պատահեց,
Ծակն էր պստիկ, ինքը մեծ,
Ծակիցը ներս չի մտնում,
Սովից էլ ուշքն է գնում։

Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չլնի մուկիկը․․․
Սիրտն ուրիշ բան չի ուզում,
Նայում է ու նվազում։

Էսպես լացեց սուգ արեց,
Էնքան լացեց սուգ արեց,
Հետն էլ սովից լղարեց։

Մեկ էլ ըհը ճանճի պես
Ծակից մտավ, գնաց ներս։

Էս ի՞նչ էր, տո, ո՞նց եղավ,
Էս ծակից ո՞նց ներս մտավ,
Ո՞նց, այ, նայիր, էս մուկը,
Էս կոկոսն ու միջուկը։

Դե քեֆ արա, օխա՜յ, օխա՜յ,
Դե պար արի, տարա՜յ, նանա՜,
Դե, միջուկը կեր ու կրծիր,
Կ՜եր միջուկը, հյութը խմի՜ր։

Համ ուտում է, համ էլ պարում,
Համ պարում է, համ էլ երգում,
– Ինքս Պույ-պույ, պարս տույ-տույ,
Էլ ի՞նչ վայ-վայ, էլ ի՞նչ վույ-վույ։

Էսպես թռչում, ծափ էր տալիս,
Պար էր գալիս, ռանգի, յալլի,
Գոռում էր ջա՜ն, տարայ-նի-նի,
Այ թե քեֆը ինչպես կլնի։

Էս որ էսպես կերավ մաքրեց,
Առաջ փոքր էր, հիմա տռզեց,
Տռզեց դառավ խոշոր մի մուկ,
Ընկավ կողքին, քնեց խորունկ։

Մեկ օր անցավ, եկավ նոր օր,
Էհ, մուկիկը վեր կացավ, որ
Փուչ կոկոսի ծակից դուրս գա,
Ախր դուրսը գործ կա, տուն կա։

– Լավ էր, կերանք բավականին,
Հիմա գնանք մենք մեր բանին։
Հեշտ էր ասել․․․Ապա՞ փորձիր,
Մի կոկոսի ծակից անցիր։

Մոտոցավ, որ ծակից դուրս գա,
Պահո՜․․․Տեսավ ճանփա չկա,
Ինքը խոշոր, ծակը պուճուր․․․
Այդ է, մնաց, բայց մնա ու՞ր․․․

Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չլինի մուկիկը։

Տռզել է կոկոսում,
Մնացել է նեղ փոսում։

– Ինչի՞ս էր պետք կոկոսը,
Լավ չե՞ր իմ տունը, իմ փոսը,
Վայ, վայ, վայ, վայ, վույ, վույ, վույ,
Հիմի տե՜ղն է, քեզ, Պույ-պույ։

Ա՜խր ի՜նչ բան ունեիր,
Գայիր կոկոս ուտեիր,
Չոռ ուտեիր՝ լավ չէ՞ր, հը՞,
Ցավ ուտեիր, լա՞վ չէ՞ր, հը՞․․․

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, զահրումա՜ր,
Դե լաց, մնա քեզ համար։

Էսպես լացեց մուկիկը,
Էնքան լացեց մուկիկը,
Հետն էլ սովից լղարեց։
Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ ըհը, սուս ու փուս
Ծակից նորից ելավ դուրս։

Վահ, էս ի՞նչ էր, էս ո՞նց եղավ,
Բա էս ծակից ո՞նց դուրս եկավ,
Ո՞նց․․Այ, նայիր, էս ես՝ մուկը,
Էն՝ կոկոսը, էն՝ միջուկը։

Տեսա՞ր լավ բան, կեցցե՜ս, Պույ-պույ,
Տո էլ ի՞նչ վայ, էլ ինչ վույ-վույ,
Տո, քեֆ արա, օխայ, օխայ,
Դե պար արի, տարա՜յ-նի-նա՜յ․․․

Համ թռչում է, համ պարում է,
Համ երգում է, համ կանչում է,
Ջա՜ն, քեֆ արա, տարա՜յ-նի-նի՜
Ա՜յ թե քեֆը ինչպես կլինի։

Դերենիկ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում