Գիտակ ձևանալու փորձ
16/12/2017 21:30
Նմանատիպ
ճիշտն ասած չգիտեմ
որտեղ է ավելի տաք
հարավային բևեռում
թե
հյուսիսային
որտեղ է
ճշմարտությունն
ավելի պարփակ
Հին կտակարանում
թե
Նորի մեջ
և արդյոք կարող եմ
վաղ առավոտվա
ամենաառաջին
տրոլեյբուսի մեջ գտնել
երեկ
ինչ-որ մեկի կողմից
մոռացած սերը…
ճիշտն ասած չգիտեմ
ձնեմարդն ուրախանում է
գարունը տեսնելիս
աշխարհն
ավելի հասկանալի է դառնում
երբ
բացվում են
չվող երամների
չակերտները
և
արդյոք գտնում է մուրացկանը
բյուր գրոշների մեջ
երջանկություն պարգևող
միակ մանրադրամը
ճիշտն ասած չգիտեմ
ու նմանատիպ
հարյուր հազար բան
ևս չգիտեմ
սակայն
երբ դու
ինձ հարցնում ես
ժամը քանիսն է
ես աշխատում եմ
գեղեցիկ աչքերիդ
գիտակ երևալ
ու
պատասխանում եմ
քեզ համբուրելուց
տաս վայրկյան
պակաս…
Կարեն ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Նվիրվում է ՆԵլսոն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ