Հայոց եկեղեցու կացությունը սովետական իշխանության արշալույսին

Հայոց եկեղեցու կացությունը սովետական իշխանության արշալույսին

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հեղաբեկյալ ժամանակաշրջան սկսվեց Հայ Առաքելական Եկեղեցու բազմադարյան պատմության մեջ:

Հետզհետե կերպարանափոխվեց երկրի հոգևոր-բարոյական կեցությունը, անցյալի գիրկն անցան հնավանդ աշխարհըմբռնումներն ու արժեքները, հեղաշրջվեց Հայ Եկեղեցու ճակատագիրը: Քաղաքական ու տնտեսական նոր կեռմաններով ընթացող հասարակությունը որդեգրեց մարքս-լենինյան կրոնամերժ գաղափարախոսությունը, որն ամեն կերպ փորձում է կրոնը հակադրել ժողովրդին:

Խորհրդային իշխանությունը փորձում էր ժողովրդից օտարել եկեղեցին, հին հավատքը, նրա փոխարեն սնուցել նորը, ինչի համար անհրաժեշտ էր տեղ ազատել հոգևոր ոլորտներում: Հոկտեմբերյան հեղափոխության հենց սկզբից խորհրդային վարչակարգը անզիջում պայքար ծավալեց ռուսական ուղղափառ եկեղեցու դեմ, որը ժամանակին օրհնաբերել էր Ռուսաստանի բուրժուական ժամանակավոր կառավարությունը՝ այն համարելով «Աստծուն հավատարիմ», «Աստծու պահապան Աջի հովանավորությունը վայելող իշխանություն»: Ռուսական եկեղեցին բանադրանքի ենթարկեց Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, հրապարակայնորեն դատապարտեց 1918 թ. մարտի 3-ին կնքված Բրեստի հաշտության պայմանագիրը, եկեղեցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ բոլշևիկյան դեկրետը:

Խորհրդային իշխանության հենց սկզբից Հայ Առաքելական Եկեղեցին, որ դարեր ի վեր հայոց պետականության բացակայության պայմաններում դարձել էր ժողովրդի գոյատևման, հոգևոր կենսունակության ազդեցիկ կռվանը, դարձավ անզիջում պայքարի թիրախ:

Խորհրդային Հայաստանում եկեղեցու դեմ իշխանությունների ծավալած պայքարը կանխատեսված էր Խորհրդային Ռուսաստանում ընթացող հակակրոնական քաղաքականությամբ: 1920 թ. դեկտեմբերի 17-ին Խորհրդային Հայաստանի Հեղկոմի հրապարակած դեկրետով պետականացվեցին հոգևոր հաստատություններին պատկանող կուլտուր-կրթական հիմնարկությունները (դպրոցներ, հնագիտական և ազգագրական թանգարաններ, մատենադարաններ, տպարաններ)՝ դրվելով Լուսժողկոմատի իրավասության տակ: Նույն թվականի դեկտեմբերի 31-ին Հայաստանի լուսժողկոմի հրամանով արգելվեց կրոնի դասավանդումը պետական, հասարակական և մասնավոր դպրոցներում: Հոգևորականները զրկվեցին դպրոցներում և ուրիշ կրթամշակութային հաստատություններում որևէ պաշտոն վարելու իրավունքից:

Իշխանություններն այդ կերպ ջանում էին նման հաստատություններից դուրս վանել մարքսիստական գաղափարախոսությանը հակոտնյա քրիստոնեությունը՝ ասպարեզ բացելով արմատավորման համար: Այդպիսով՝ Հայ Առաքելական Եկեղեցին՝ իբրև Հայաստանի և նրա հավատացյալ ժողովրդի հայրենաշունչ ավանդույթների պահապան ու նվիրագործող, պետք է հրաժարվեր ազգապահպան գործառույթներից՝ տեղը զիջելով խորհրդային իշխանության կյանքի կոչած հաստատություններին: Հայ հեղկոմի 1920 թ. դեկտեմբերի 22-ին արձակած «Քաղաքացիական ակտերի գրանցման մասին» դեկրետով հոգևոր իշխանությունների իրավասությունից վերցվեց նաև քաղաքացիական կացության ակտերի վավերացման գործը և հանձնվեց հեղկոմների համապատասխան բաժիններին:

Հայ Եկեղեցու տնտեսական հիմքերի խարխլմանն էր նպատակաուղղված Հայհեղկոմի 1920 թ. դեկտեմբերի 28-ի «Հողերի ազգայնացման մասին» դեկրետը, որը ազդարարում էր «Արքունական, Նադելի, եկեղեցական, վանքային, վակուֆային, մեջետային, իրավաբանական անձերի և մասնավոր հողերը դառնում են Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սեփականություն… Հիշված հողերը հանձնվում են Գյուղատնտեսության կոմիսարիատին ենթակա պետական հողային ֆոնդին»: Այդպիսով՝ Հայոց Եկեղեցին, որ դարեր ի վեր իրեն հատկացված հողատիրությունների նկատմամբ օժտված է եղել գերագույն սեփականատիրական իրավունքով, զրկվում է այդ առանձնաշնորհյալ կարգավիճակից: 1921 թ. մայիսի 27-ին ժողկոմխորհի նիստում լսվեց «Էջմիածնի վանքին պատկանող այգիների և հողամասերի մասին» զեկուցումը, ապա որոշվեց ստեղծել հատուկ հանձնաժողով՝ նրան հանձնարարելով մեկշաբաթյա ժամկետում մշակել դեկրետ՝ «վանքապատկան հողերի, շենքերի, ինվենտարի և կուլտուրական արժեքների օտարման մասին», որով փաստորեն բռնագրավվելու էին վանական-եկեղեցական հողերը, շինությունները, թանկարժեք իրերը, մշակութային արժեքները: Նույն թվականի փետրվարի 5-ին Հայ հեղկոմի դեկրետով պետականացվեցին լուժողկոմատի տրամադրության տակ դրվեցին Հռիփսիմեի վանքը, Զվարթնոց վանքի ավերակները՝ հարակից շինություններով ու գույքով, Էջմիածնի կաթողիկոսի նոր վեհարանը, վանական հյուրանոցը և վանական նոր հանրակացարանը:

Նույն դեկրետով որոշվեց վերակազմել Էջմիածնի վանքի իրավասությանը ենթակա կուլտուր-կրթական հաստատությունների պետականացված ցանցը և Էջմիածնում հիմնել կուլտուր-պատմական ինստիտուտ:

Փետրվարյան ապստամբության ժամանակ ծայր առած քաղաքական տարամերժ ալեբախությունների ընթացքում Հայ Եկեղեցին օրհնաբանեց ժողովրդի ապստամբական պոռթկումը, կատարեց բոլշևիկների ձեռքով նահատակված ապստամբների հոգեհանգիստը: Ապստամբության պարտությունից հետո եկեղեցին նպատակասլաց ճիգերով ջանում էր շահել Խորհրդային Հայաստանի կառավարության հանդուրժամտությունը և կարելիության սահմաններում ձեռք բերել ինքնապահպանման քաղաքական և հոգևոր կռվաններ, անխաթար պահել իր հոտի հոգևոր-բարոյական դիմագիծը: 1921 թ. ապրիլի 16-ին կաթողիկոսի լիազորներ Խորեն արք. Մուրադբեկյանը և Մատթեոս եպիսկոպոսը հանդիպեցին Հայհեղկոմի նախագահ Ս. Կասյանին և խնդրեցին Էջմիածնի կաթողիկոսությունից բռնագանձված ճեմարանը, մատենադարանը, թանգարանը, տպարանը, վանքի վարելահողերը, այգիները, արոտատեղերը և խոտհարքները վերադարձնել, նաև թույլ տալ բացելու հոգևոր բարձրագույն դպրոց:

Ապրիլի 19-ին Ս. Կասյանը հողժողկոմի տեղակալ Ստ. Կամսարականին հանձնարարեց ուսումնասիրել Էջմիածնի վանական տնտեսության հնարավորությունները: Ս. Կասյանին նրա հղած զեկուցման մեջ նշվեց, որ Էջմիածնի վանքի տնօրինած 7429 դեսյատին վարելահողերից վանքին կարելի է թողնել 298 դեսյատինը, ինչպես նաև այգի և 157 դեսյատին արոտատեղ ու խոտհարք: Խնդրի լուծումը ձգձգվեց, ուստի կաթողիկոսն անձամբ փորձեց համաձայնության եզրերի հասնել կառավարության հետ և 1921 թ. մայիսի 5-ին ժամանելով Երևան՝ տեսակցություն ունեցավ լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի հետ, որը խոստացավ հնարավորինս բավարարել կաթողիկոսի «մինիմալ պահանջները», ինչպես նաև Էջմիածնի վանքին հատկացնել միաբանական մեծ շենքի բռնագրավված բնակարանների որոշ մասը:

(շարունակելի)
Վրեժ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում