Հնագույն բնագրերի ուսումնասիրողն ու թարգմանչուհին

Հնագույն բնագրերի ուսումնասիրողն ու թարգմանչուհին

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող հնագույն ձեռագրերը պատմում են մեր ժողովրդի անցած ստեղծագործական ուղու և մաքառումների մասին: Նրանք պատմում են, թե ինչպես մի ժողովուրդ, որի Հայրենիքը գտնվում էր միգրացիոն փոթորիկների ու պատերազմների թատերաբեմում, կարողացավ պահպանել ու 21-րդ դար հասցնել իր Մշակույթը, Լեզուն, Հավատը, Պատմությունը: Եվ մեր ազգի անցած ճանապարհը լավագույնս բնութագրել է Գարեգին Նժդեհը.

-Սուր և գրիչ՝ աստվածային զենքեր` տրված մարդուն` պաշտպանելու իրավունքն ու սրբությունն աշխարհում, իմ ձեռքում էլ հաճախ փոխարինեցին իրար:

Եվ մեծ զորավարն ու փիլիսոփան ցույց է տալիս մեր՝ որպես ազգի՝ գալիք դարերում մեր ընթացքը շարունակելու ճանապարհներից մեկը. «Ժողովրդին Ճանաչել տալ իր ամբողջ անցյալը նշանակում է նրա համար լիարժեք կյանքով ապրելու և ստեղծագործելու նախադրյալներ ստեղծել»:

Մատենադարանում քիչ չեն այն վաստակաշատ գիտնականները, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեր հարուստ պատմությունն ու մշակույթը՝ մեր հոգևոր զենքերը, ժողովրդին վերադարձնելու կարևոր գործին: Նրանցից է Հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը:

Նրա գիտական հետաքրքրությունների կենտրոնում է միջնադարյան հայ մատենագրության համար մի կարևոր մշակութային իրողություն՝ հին հունարենից թարգմանությունները: Նրա՝ երեք տասնամյակների անձնուրաց աշխատանքի արդյունքում ծնունդ են առել բազմաթիվ հոդվածներ, մենագրություններ՝ հայերեն և այլ լեզուներով:

Գոհար Մուրադյանի գրքերից մի քանիսը ներկայացնելն էլ բավական է՝ ընդգծելու համար այն աշխատանքների ծավալն ու բարդությունը, որի արդյունքում վերաարժևորվում են մեր հռչակավոր մատենագիրների երկերը: Նա կազմել և «Մատենագիրք Հայոց» մատենաշարի հատորներում հրատարակել է Դավիթ Անհաղթին վերագրվող և Գրիգոր Մագիստրոսի երկերի քննական բնագրերը՝ «Դավիթ Անհաղթին վերագրուած եւ նրա անուանն առնչվող գրուածքներ. քննական բնագրեր եւ առաջաբան», «Գրիգոր Մագիստրոսի թուղթք եւ չափաբերականք. քննական բնագրեր եւ առաջաբան»:

Հիշատակենք աշխատություններից ևս մի քանիսը՝ «Գիրք Պիտոյից», «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ», «Ցուցակ Վիեննայի Մխիթարյան մատենադարանի ձեռագրերի պատառիկների» (Արամ Թոփչյանի հեղինակակցությամբ), «Հունաբանությունը դասական հայերենում»: Եվ բազում նոր գրքեր էլ դեռ առջևում են:

«Փիլիսոփայությունը Աստծուն նմանվելն է մարդկային ուժերի չափով» (Դավիթ Անհաղթ):

Մեսրոպատառ առաջին նախադասությունը եղել է իմաստության և ճանաչողության մասին՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակներ Ա 1):

Եվ մեր առաջին հայրապետերն ու իմաստասերները ոչ միայն թարգմանեցին հանճարների խոսքը, այլև հենց 5-րդ դարի առաջին տասնամյակներում հիմք դրեցին զարգացած գրականության՝ պատմագրական, աստվածաբանական, գիտական, փիլիսոփայական:

Հայ փիլիսոփաների փառահեղ ցուցակը բացում են Եզնիկ Կողբացին, Մովսես Քերթողը (5-րդ դ.) և Դավիթ Անհաղթը (5–6-րդ դդ.):

-Մատենադարանում պահվող ձեռագիր գանձերը հայ բազմադարյան մշակույթի՝ գրքարվեստի, գրականության, գիտության, պատմագրության և մանրանկարչության գլխավոր շտեմարանն են: Սակայն նրանք նաև վկայությունն են այն իրողության, որ հայ միջնադարյան մշակույթը երբեք կտրված չի եղել համաշխարհային մշակույթից: Այն մասնավորապես արևելաքրիստոնեական մշակույթի կարևոր ճյուղերից մեկն է:

Հսկայածավալ գրականություն կա՝ դեռ 5-րդ դարում թարգմանված ասորերենից, հին հունարենից, հետագայում նաև վրացերենից, արաբերենից, լատիներենից…

Մատենադարանում պահվում են ոչ միայն հայերեն, այլև օտարալեզու ձեռագրեր, և դրանց ուսումնասիրումը չի անտեսվում մասնագետների կողմից,- փաստում է Գոհար Մուրադյանը: Ասվածի ապացույցը կատարված լայնամասշտաբ աշխատանքներն են. բոլորովին վերջերս լույս տեսան եբրայերեն և պարսկերեն ձեռագրերի ձեռագրացուցակները (որոնք պատրաստել են Մատենադարանի աշխատակիցներ Ռուզան Պողոսյանը և Քրիստինե Կոստիկյանը), մեկ այլ աշխատակցուհի՝ Օլգա Վարդազարյանը, կազմում է սլավոնական և հին ռուսերեն ոչ մեծաքանակ ձեռագրերի ցուցակը, կան նաև արաբերեն և օսմաներեն ձեռագրերի նկարագրությամբ զբաղվող մասնագետներ (ի դեպ, արաբատառ ձեռագրերն ամենամեծաքանակն են հայերեն ձեռագրերից հետո՝ մոտ 2000, և նրանց մեջ թվով առաջին տեղն են զբաղեցնում արաբերեն ձեռագրերը): Դրանց մենք կանդրադառնանք առանձին հոդվածով:

-Վերադառնանք թարգմանություններին: Իմ գիտական հետաքրքրությունների կենտրոնում թարգմանություններն են հունարենից, որոնք ծավալով և կարևորությամբ թերևս գերազանցում են մյուս լեզուներից արվածներին: Դրանց թվում կան այնպիսի երկեր, որոնց հունարեն սկզբնագիրը կորած է, և հայերեն թարգմանությունը բնօրինակի արժեք ունի, – ասում է տիկին Մուրադյանը: Իսկ օրինակները քիչ չեն:

-Դրանցից մեկը չորրորդ դարի Եկեղեցու հայր Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրությունը», որում պատմվում է հրեաների, եգիպտացիների, ասորեստանցիների, հույների և այլ հին ժողովուրդների պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև 325 թ.: Դա շատ վաղ՝ 5-րդ դարի առաջին կեսի թարգմանություն է և ամբողջովին պահպանվել է միայն հայերեն մեկ ձեռագրով (ենթադրաբար 13-րդ դարում ընդօրինակված): Այդ ձեռագիրը հայտնաբերվել է 18-րդ դարի վերջին, իսկ նրա հրատարակումը 1818 թ. Վենետիկում՝ Մխիթարյան հայր Մկրտիչ Ավգերյանի հմուտ լատիներեն թարգմանության ուղեկցությամբ, սենսացիա էր համաշխարհային պատմագիտության համար:

Ես բերեցի ամենահանրահայտ օրինակը, սակայն նման՝ միայն հայերեն պահպանված երկերը քիչ չեն: Ուստի զարմանալի չէ, որ մեր ձեռագրերում պահվող բնագրերը հետաքրքրում են ոչ միայն հայագետներին, այլև բյուզանդագետներին, վրացագետներին, ասորագետներին և առհասարակ վաղ շրջանի քրիստոնեական գրականությամբ ու հարակից բնագավառներով զբաղվող մասնագետնե-րին: Շատ դեպքեր կան նաև, որ հայերեն որևէ թարգմանության հունարեն նախօրինակը պահպանվել է, սակայն թարգմանության հնությունն ու ճշգրտությունը օգնում են հունարեն բնագրի մերօրյա հրատարակիչներին՝ վերականգնելու հունարեն սկզբնագրի հնարավորինս հին և անաղարտ վիճակը (չէ որ հին գրվածքները մեզ են հասել դարեր շարունակ անհատ անձանց՝ գրիչների ձեռքով արտագրվելու շնորհիվ, իսկ մարդը մեքենա չէ, նա հոգնում է, երբեմն վրիպում, և այսպիսով սխալներ են կուտակվում:

Հրատարակության պատրաստողն էլ ստիպված է նույն երկի տարբեր ձեռագրեր համեմատելով կազմել այն բնագիրը, որը նրան ամենից մոտն է թվում հեղինակի գրչի տակից ելածին): Հայերեն թարգմանության հետ մանրակրկիտ համեմատությամբ, օրինակ՝ իտալացի բանասեր Մորենո Մորանին հրատարակել է 4-րդ դարի վերջի հեղինակ Եվսեբիոս Եմեսացու «Մարդու բնության մասին» աստվածաբանական և մարդաբանական երկի հունարեն քննական բնագիրը: Իսկ այժմ Մատենադարանի աշխատակցուհի Կարինե Մոսիկյանը պատրաստում է հայերեն թարգմանության քննական բնագիրը՝ արդեն հաշվի առնելով հունարեն սկզբնագրի փաստերը. չէ՞ որ եթե որևէ հատվածում ձեռագրերը տարբեր ընթերցումներ ունեն, ապա հունարենից թարգմանված լինելու պարագայում ճիշտ՝ թարգմանչի ձեռքի տակից դուրս եկած բառ կամ բառաձև պիտի համարենք այն, որ համընկնում է հունարեն բնագրում եղածին: Իսկ դա անելու համար պետք է ոչ միայն լավ իմանալ հին հունարեն, գրաբար, հունաբան՝ հունարենից ազդված և գիտական ու փիլիսոփայական երկերի թարգմանություններին հատուկ գրաբար, այլև ծանոթ լինել նյութին, ինչպես նաև թարգմանիչների կիրառած հնարքներին, ուստի բավական դժվար գործ է, – ընդգծում է նա:

Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ (մայիսի 11-13) Ժնևի համալսարանի հայագիտության պրոֆեսոր և Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին (ինքը՝ հմուտ հայագետ) կազմակերպել էր «Արիստոտելը միջնադարյան Հայաստանում» միջազգային գիտաժողով:

Մատենադարանից չորս հայագետ (Արամ Թոփչյան, Գոհար Մուրադյան, Էռնա Շիրինյան և Արմինե Մելքոնյան) ներկայացրին Արիստոտելի երկերի հայ միջնադարյան թարգմանություններն ու մեկնությունները, նաև ցույց տալով, թե որքանով էին միջնադարյան հայ հեղինակները ծանոթ նրա գրվածքներին և ինչպես են դրանք օգտագործել: Մյուս ներկաները՝ անտիկ փիլիսոփայության մասնագետներ տարբեր երկրներից, մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին մեր գիտնականների ներկայացրած փաստերի հանդեպ: Ծավալվեցին ակտիվ քննարկումներ: Այս միջազգային գիտաժողովում ըստ արժանվույն ներկայացվեց նաև Դավիթ Անհաղթ փիլիսոփան:

-Դավիթ Անհաղթի գործերը հայ փիլիսոփայական մտքի սկիզբը դրեցին: Սովորել է Ալեքսանդրիայի նորպլատոնական դպրոցում և իր աշխատությունները գրել է հունարեն, այնուհետև հավանաբար եկել է Հայաստան և դրանք թարգմանել կամ թարգմանել տվել հայերեն (սրանք ենթադրություններ են, սակայն միանգամայն տրամաբանական):

Միջնադարյան Հայաստանում մեծ է եղել նրա հռչակը: Նա սրբադասվել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից, նրան են վերագրվել նաև այլ աշխատություններ, ինչպես նաև Արիստոտելի երկերի հայերեն թարգմանությունը և մեկնությունները: Եվ 2014-ին «Մատենագիրք Հայոց» մատենաշարի 17-րդ հատորում զետեղվեց իմ պատրաստած քննական բնագիրը՝ Դավիթ Անհաղթին վերագրված և նրա մասին պատմող երկերի, որոնց ստեղծման ստույգ ժամանակը հայտնի չէ,-ասում է Գոհար Մուրադյանը:

Հին բնագրերի ուսումնասիրողն ու թարգմանչուհին գիտական մեծ ճանապարհ է անցել: Նրա առաջին գիրքը կիսաթարգմանական «Գիրք Պիտոյից»-ի քննական բնագիրն է՝ ուսումնասիրությամբ, որի հիմքում նրա թեկնածուական ատենախոսությունն է եղել: 4-րդ դարի հույն հռետոր Ափթոնիոս Անտիոքացու ճարտասանական վարժությունների այդ ժողովածուն 5-րդ դարի երկրորդ կեսում մի հայ թարգմանիչ մասնակի թարգմանել է և ավելացրել ծավալուն ինքնուրույն հատվածներ, օրինակ՝ աստվածաշնչյան թեմաներով գրված ճարտասանական վարժություններ: Հայագիտության մեջ մինչ այդ այս գրվածքի թարգմանված կամ ինքնուրույն գրված լինելու հարցը լուսաբանված չէր: Հետագայում Գոհար Մուրադյանի դոկտորական ատենախոսության հիման վրա ծնվեց նաև «Հունաբանությունը դասական հայերենում» աշխատությունը, որում մեկ առ մեկ ցույց են տրված գրաբարի վրա հին հունարենի լեզվական ազդեցության օրինակները:

Նրա ղեկավարած բաժնում ամենօրյա մանրակրկիտ բանասիրական աշխատանքը միշտ չէ որ միանգամից տեսանելի է, սակայն արդյունքում ծնվում են բնագրերի (երբեմն` նոր ի հայտ եկած կամ նորովի իմաստավորված) հրատարակություններ, ուսումնասիրություններ, պատահում են և ուշագրավ բացահայտումներ, օրինակ՝ «Բանբեր Մատենադարանի» տարեգրքի վերջին` 2016 թ. Օլգա Վարդազարյանը հոդված է հրապարակել` Կորյունի «Վարք Մաշտոցի» հանրահայտ գրվածքի մի հատվածի վերաիմաստավորմամբ ցույց տալով մի շատ հետաքրքրական փաստ. այն է` Մաշտոցը Կոստանդնուպոլսում հրավիրվել է Զատկի տոնի առթիվ կայսեր ընդունելություն-խնջույքին:

-Մեր ձեռագրերը սփռված են ամբողջ աշխարհում: Կան դեռևս չուսումնասիրված, անգամ չնկարագրված ձեռագրեր: Ինձ հատկապես հետաքրքրում են այն բնագրերը, որ թարգմանվել են հին հունարենից: Դժվար է նկարագրել այն զգացումը, որ ապրում եմ, երբ ինձ համար նման մի նոր բնագիր եմ բացահայտում,-ասում է նա:

Գոհար Մուրադյանն ուսումնասիրել է նաև հայ միջնադարյան առաջին աշխարհիկ հեղինակ և քաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոսի նամակներն ու չափածոները և կազմել դրանց քննական բնագիրը:

Մագիստրոսը հայ մատենագիրների շարքում ամենաբարդ հեղինակներից է, քանի որ հաճախ իր մտքերն արտահայտել է մութ ակնարկներով, որոնց տակ երբեմն թաքնված են հին հունական առասպելների կամ գրական սյուժեներ, և Գոհար Մուրադյանին հաջողվել է վերծանել այդ ակնարկների մի զգալի մասը:

Բացի գիտական ուսումնասիրություններից՝ նա զբաղվում է նաև անտիկ՝ հունահռոմեական գրական երկերի թարգմանությամբ և այս պահին լատիներենից թարգմանում է հին հռոմեական գրականության գագաթներից մեկը՝ Վերգիլիոսի «Էնեական» մեծակտավ պոեմը, իր ամուսնու՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արամ ոփչյանի հետ: Իսկ բոլորովին վերջերս նույն զույգը լույս ընծայեց հին հույն հեղինակ Ապոլլոդորոսի «Դիցաբանական գրադարան»-ի հայերեն թարգմանությունը՝ ընդարձակ ուսումնասիրությամբ ու ծանոթագրություններով: Այդ երկը հնում ստեղծված հունական առասպելների՝ մեզ հասած առավել ամբողջական ժողովածուն է:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ընթերցասրահում կա մի պատկերազարդ շքեղ հրատարակություն՝ «Հայկական հնագրության ալբոմ»-ը, որը նախապես լույս էր տեսել անգլերեն. հեղինակներն են Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հիմնադիր և երկարամյա նախագահ իսրայելացի հայագետ Մայքլ Սթոունը (ներկայումս նախագահում է Վալենտինա Կալցոլարին), Տիգրան Գույումճյանը և Հեննինգ Լեմանը: Գիրքը ներառում է հայկական ձեռագրերի 200 բարձրորակ լուսանկար և ներկայացնում Հայոց գրերի զարգացման ընթացքը՝ 868 թ. մինչև 19-րդ դարի վերջ՝ 1895 թ.: Վերջում կցված է նաև աղյուսակ, որը լուսաբանում է, թե յուրաքանչյուր տառ գրության ինչպիսի զարգացում է ապրել այդ ժամանակի ընթացքում: Եվ այս մեծարժեք հրատարակությունը լույս է տեսել նաև հայերեն՝ Գոհար Մուրադյանի ու Արամ Թոփչյանի թարգմանությամբ: Սա արդեն գիտական թարգմանության ժանրից է:

Ի դեպ, Գոհար Մուրադյանը անվանի գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրն է:

Արվեստագետը հիացած էր անտիկ աշխարհի մշակույթով և վաղ Վերածննդի նկարչությամբ: Եվ ես նրա գիտնական դստեր հետ զրուցելու ընթացքում ակամա հիշեցի Վերածննդի շրջանի հանճարեղ նկարիչ Ռաֆայելի կտավներից մեկը, որտեղ նա վրձնել է անտիկ աշխարհից մինչև իր օրերը ապրած հանճարների կերպարները՝ Հոմերոս, Վերգիլիոս, Դանթե…

-Եթե Ձեզ համար առանձնացնելու լինեք միջնադարյան հայ փիլիսոփաների, բանաստեղծների կամ պատմագիրների եռաստեղությունը, ովքե՞ր կլինեն այդ փաղանգում:

Զրուցակիցս մի պահ խորհելուց հետո պատասխանում է.
-Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի և Գրիգոր Մագիստրոս…

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում