Տարոն Մարգարյան. Մենք կառուցելու ենք էլ ավելի բարեկարգ Երևան

Երևանի ավագանու նախընտական քարոզարշավի շրջանակում այսօր Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանը հանդիպեց Կենտրոն համայնքի բնակիչների հետ:

Դիմելով Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին Տարոն Մարգարյանն ասաց, որ իրենց հաջողվել է հազարավոր ծրագրեր իրականացնել, սակայն դեռ կան շատ  խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

«Մենք խնդրում ենք ձեզ’ թույլ տալու մեզ, շարունակելու այն ծրագրերը, որ սկսել ենք»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:

«Կան բազմաթիվ ծրագրեր դպրոցների, մշակութային տների վերականգնման հետ կապված, մենք աշխուժացրեցինք Երևանի մշակութային կյանքը և ավելի մշակութային ենք դարձնելու մեր մայրաքաղաքը»,-ասաց Տ. Մարգարյանը:

Ըստ նրա, դեռևս Կենտրոն վարչական շրջանում կան խնդիրներ կապված տրանսպորտի, բակերի բարեկարգման, վերելակների և կտուրների վերականգնման հետ:
«Մենք եկել ենք ծառայելու մեր բնակիչներին և լուծելու վերոնշյալ բոլոր խնդիրները»,-ասաց Տ. Մարգարյանը:

«Մենք կառուցելու ենք էլ ավելի բարեկարգ Երևան»,-հավելեց Տ. Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում