Հ. Հակոբյան. «Հայերենն է լինելու աշխարհի տարբեր ծայրերում հայի տեսակը պահպանելու մեր զենքը»

Ապրիլի 22-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում էր շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Այսօր տոն է հայրենիքում, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ երիտասարդները հավաքվել են քննարկելու համազգային կարևորության խնդիրներ և փորձելու են նոր ուղիներ առաջարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի պահպանման խնդիրների լուծման գործում: Հայերենն է լինելու աշխարհի տարբեր ծայրերում հայի տեսակը պահպանելու մեր զենքը: Խորհրդանշական է, որ համաժողովն անցկացվում է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին: Վաղը ձեր ջահերով երթը պետք է լինի ուխտ՝ հայերենը պահպանելու, ձեր ազգային ոգին ու ինքնությունը պահպանելու զորավոր ուխտ»:

Այնուհետև Հ. Հակոբյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որով նա կոչ էր անում հայ երիտասարդներին՝ համաշխարհնայցման գործընթացներում 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար պահպանել ազգային ինքնությունը, որի կարևոր առհավատչյան մայրենի լեզվով հաղորդակցվելն է: Համաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնանքն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մաղթելով համաժողովին արգասաբեր ընթացք՝ նա կոչ արեց երիտասարդներին ունենալ պայծառ հավատ, քաջարթուն միտք՝ իրենց նպատակները կյանքի կոչելու համար:

Այնուհետև ընթերցվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը, որում կարևորվում էր համահայկական երիտասարդական համաժողովի անցկացումը՝ որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը, փոխգործակցությանն ուղղված կարևոր քայլերից մեկը:

Ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշելով որ՝ «Մեր ուժը մեր միասնության մեջ է» վարչապետն ասաց. «Լեզուն է, որ մեզ միավորելու է և մեկ բռունցք է դարձնելու հայությանը, այն հայ ինքնության կարևորագույն առանցքն է: Մեր ազգի հուսալի ապագան և շարժիչ ուժը երիտասարդությունն է, և այս երիտասարդական համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող համահայկական կարևորագույն ծրագրերից մեկն է»: Համաժողովի մասնակիցներին իր ուղերձն էր հղել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որում նշվում է, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ իրենց կառույցի համագործակցության գլխավոր ուղղությունը հայապահպանության ոլորտն է, որի վառ վկայությունն է համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը տարբեր անվանակարգերում:

Ելույթներով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս. Մանասարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը, ՀՅԴ բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կ. Մանոյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրերն Սուրեն Դանիելյանը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տների տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Ելույթ ունեցողները միաձայն հավաստիացրեցին, որ հայերենը ոչ միայն բոլորի սրտում է, այլև մտքում, այն մեր հայեցի ապագայի կերտման գրավականն է և, որ հայ երիտասարդների միասնությունը անկարելին կարող է դարձնել կարելի, երիտասարդները պետք է նվիրվածություն, կամք ու վճռականություն ցուցաբերեն՝ ապահովելու հայապահպանությունը Սփյուռքում:

Ելույթներով հանդես եկան նաև համաժողովի մասնակից սփյուռքահայ երիտասարդները, ովքեր համաժողովին իրենց մասնակցությունը համարում են միմյանց հետ ծանոթանալու, համազգային նշանակության հիմնահարցերը համատեղ քննարկելու, հայրենիքից նոր, զորավոր ազդակներ ստանալու հրաշալի հնարավորություն: Համաժողովի լիագումար նիստը շարունակվում է:
Արրիլի 23-ին համաժողովը կշարունակի իր աշխատանքները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սրահներում կկայանան թեմատիկ քննարկումներ հետևյալ երեք ուղղություններով՝ «Երիտասրդության հիմնախնդիրները», «Լեզվամշակութային հիմնախնդիրներ» և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում