Այվազովսկու ցուցահանդեսը շուրջ 44 հազար այցելու է ունեցել

Այվազովսկու ցուցահանդեսը շուրջ 44 հազար այցելու է ունեցել

2017 թվականը Հայաստանի ազգային պատկերասրահն ամփոփում է դրական գնահատականով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Այն սանդղակը, որ դրել էինք Հայաստանից դուրս հայկական մշակույթը քարոզելու հետ կապված, մեզ ինչ-որ չափով հաջողվել է հասնել դրան»,- նշեց նա։

Այս տարի ազգային պատկերասրահը ցուցադրություն է ունեցել Միլանի «Mudes» թանգարանում, Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի, Հրեական թանգարաններում, ինչպես նաև Տրետյակովյան պետական պատկերասրահում, Բելառուսի ազգային պատկերասրահում։

Արման Ծատուրյանը տեղեկացրեց, որ այս տարի ՀԱՊ-ում 12 խոշոր ցուցահանդես է բացվել. «Այս տարի պատկերասրահում բացված ցուցահանդեսների թվում են եղել «Լվովի հայկական տաճարի վերածնունդը, որը կազմակերպվել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ միասին, «100 կտավ» ցուցահանդեսը՝ IDEA հիմնադրամի հետ համատեղ, Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը»,- ասաց տնօրենը։

Ծատուրյանը հայտնեց նաև, որ պատկերասրահի մասնաճյուղերում իրականացվել է 42 միջոցառում, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում` 14 շրջիկ ցուցահանդես։

«Տարեց աշխատակիցները ոգևորված էին, երբևէ այսքան այցելու չէին տեսել։ 2017 թվականի հունվարի 3-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային պատկերասրահը և 12 մասնաճյուղերն ունեցել են շուրջ 80 հազար այցելու, որից 43, 529-ը այցելել է դիտելու Հովհաննես Այվազովսկու «Արարում» ցուցահանդեսը։ Կրթական ծրագրերին մասնակցել են 5-16 տարեկան այցելուների 219 խումբ՝ շուրջ 3 հազար մասնակից»,- ներկայացրեց Ծատուրյանը։

Պատկերասրահի տնօրենը հավելեց նաև, որ այս տարվա մայիսից գործում է պատկերասրահի առցանց խանութը, որտեղ ներկայացված են թանգարանի հրատարակած գրքերն ու թողարկված հուշանվերները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում