Ֆուտբոլային թոփ-համարները և դրանց նշանակությունը

Ֆուտբոլային թոփ-համարները և դրանց նշանակությունը

Խաղային համարը ցանկացած ֆուտբոլիստի մարզահագուստի պարտադիր բաղադրիչն է:

Առաջին անգամ ֆուտբոլիստների մարզահագուստին համարներ հայտնվել են հեռավոր 1928-ի հոկտեմբերի 13-ին: Պատմական շրջադարձն Անգլիայում է տեղի ունեցել․ «Արսենալի» և «Չելսիի» խաղացողները 1-11 համարները թիկունքին դուրս են եկել խաղադաշտ: 10 տարի անց արդեն բոլոր առաջնություններում օգտագործվեց նորամուծությունը, բայց մինչև նախորդ դարի 90-ականները հիմնական կազմի ֆուտբոլիստները ստիպված էին խաղալ 1-11 համարների ներքո:

1994-ին ԱՄՆ-ում կայացած Աշխարհի առաջնությունից սկսած  կարգերը փոխվեցին, և յուրաքանչյուր ֆուտբոլիստ սեփական համարն ունեցավ: Ֆուտբոլիստներն ազատ էին ընտրել, բայց կախված խաղային դիրքից որոշ ավանդույթներ անփոփոխ մնացին: Խոսենք այդ ավանդույթներից, ֆուտբոլի գլխավոր խաղահամարներից:

Ժամանակակից ֆուտբոլում ամենակարևոր համարներից մեկը «12»-ն է: Շատ ակումբներ, ինչպես օրինակ՝ «Բավարիան», ՊՍՎ-ն, այդ խաղահամարը տալիս են երկրպագուներին: Որոշ ակումբներ այլ խաղահամար են ընտրում իրենց երկրպագողների համար: «12-րդ խաղացող» տերմինն առաջացել է 1922-ին, ամերիկյան ֆուտբոլում: Այդ տարի ամերիկյան թիմերից մեկը ֆուտբոլիստի պակաս ուներ և երկրպագուներից էր օգնություն խնդրել: 

Որոշ ֆուտբոլիստներ «13» թվանշանն անհաջողակ են համարում, բայց անկախ դրանից շատ հաճախ հենց այդ խաղահամարի ներքո են հանդես գալիս երկրորդ դարպասապահները: Այսօր աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը՝ Յան Օբլակը, «Ռեալի» և «Բարսելոնայի» պահեստային դարպասապահներ Կիկո Կասիլյան, Յասպեր Սիլլեսենն են «13» համար ներքո խաղում: «Անհաջողակ» համարի ներքո են խաղացել նաև Նեստան, Գերդ Մյուլլերը։ 

Արդիական են նաև 80-90«+» համարները: Սա կախված է ֆուտբոլիստների նախընտրությունից։ Ոմանք, ցանկանում են խաղալ այն թվանշանի ներքո, որի տակ ծնվել են: «Միլանում» Ռոնալդինյոն այդ նույն պատճառով «80» համարն էր կրում (ծնվ. 1980-ին):

Չի կարելի չանդրադառնալ «8» խաղահամարին: Որպես կանոն այդ թիվը տեղ է գտնում դաշտի կենտրոնում խաղացող ֆուտբոլիստների մարզահագուստին: «8» համարի ներքո են խաղացել լեգենդար կիսապաշտպաններ Ֆրենկ Լեմպարդն ու Սթիվեն Ջերրարդը: «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Անդրես Ինյեստան այսօր հենց այդ խաղահամարի տակ է խաղում: Այս ֆուտբոլային համարը տրվում է թիմի «շարժիչներին»:

«4» և «5» համարները սովորաբար կենտրոնական պաշտպաններին են բաժին հասնում: Սերխիո Ռամոսը, Մաթս Հումելսը, Վենսան Կոմպանին ու շատ այլ ֆուտբոլիստներ հենց այդ թվանշաններն են կրում թիկունքին: 

«17»-ը սովորաբար նկատելի է թիմի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստի (օրինակ՝ Կևին Դե Բրյունեի, Օլեգ Շատովի) մարզահագուստին: Երբ Մարեկ Համշիկը տեղափոխվեց «Նապոլի», «7» համարն արդեն զբաղված էր, ու նա «17»-ն ընտրեց: Հետո, երբ Էզեկիել Լավեսին հեռացավ ու համարն ազատվեց, Մարեկն այլևս չփոխեց իրենը: «17»-ով կարիերան «Չելսիում» սկսած Էդեն Ազարն այսօր արդեն «10» համարի ներքո է խաղում:

«11»-ը սովորաբար բաժին է հասնում հարձակման գծի ֆուտբոլիստներին այն դեպքում, երբ «7», «10», «9» համարներն արդեն զբաղված են: Վառ օրինակ են Գարեթ Բեյլը «Ռեալում» և Խամես Ռոդրիգեսը «Բավարիայում»: Ֆուտբոլիստները երբեմն այն ընտրում են որպես գեղեցիկ համար:

«9»-ը իսկական, կենտրոնական հարձակվողի համարն է: Այս խաղահամարն իր թիկունքին է կրել բրազիլացի լեգենդ Ռոնալդոն: Ժամանակակից ֆուտբոլում «9» համարի ներքո են հանդես գալիս Ռոբերտ Լևանդովսկին, Լուիս Սուարեսը, Կարիմ Բենզեման և ուրիշներ:

«7» թիվը նշանակում է, որ մարզահագուստի տերը թիմի լավագույն ֆուտբոլիստն է: Շատերն են այս խաղահամարն ընտրում, բայց այն հատուկ նշանակություն ունի հատկապես «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ համարի ներքո են հանդես եկել Կանտոնան, Բեքհեմը, Ռոնալդուն և այլ աստղեր: «7» թվանշանն է գրված նաև Ֆրանկ Ռիբերիի, Անտուան Գրիզմանի թիկունքին:

«Լավագույն» խաղահամար ընդունված է «10»-րդը համարել: Այն սովորաբար թիմի գլխավոր ֆուտբոլիստներին է բաժին հասնում․ նրանց ովքեր վճռում են խաղերի ելքը: Այդ խաղահամարն ավելի հայտնի դարձավ Դիեգո Մարադոնայի շնորհիվ: Արգենտինացին այն պատահական չէր ընտրել․ այդ համարի ներքո լեգենդար Պելեն էր խաղացել: Իսկ ահա բրազիլացին պատահական էր «10» համարը ստացել, քանի որ 1958-ի Մունդիալին ՖԻՖԱ-ն Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներին պատահական խաղահամարներ էր տվել: Հիմա «10» համարը թիկունքին կրում են Լեո Մեսսին, Լուկա Մոդրիչը, Նեյմարը և ուրիշներ:

Ասում են՝ կարևորագույնը առաջինն է՝ դարպասապահի խաղահամարը: Այո, երբեմն հիմնական դարպասապահներն այլ համար են ընտրում, բայց մեծամասնությունը պահպանում է ավանդույթը: Այժմ այս խաղահամարի ներքո են հանդես գալիս Կեյլոր Նավասը, Մարկ-Անդրե տեր-Շտեգենը, Մանուել Նոյերը, Ջանլուիջի Բուֆֆոնը, Դավիդ դե Խեան և ուրիշներ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում