Հունգարիայում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Նմանատիպ
Հունգարիայի հարավում՝ Սեգեդ քաղաքում, Առաջին Աշխարհամարտի ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել, հայտնում է հունգարական politics.hu-ն:
Հուշարձանն իրենից ներկայացնում է խաչքար և տեղադրվել է շաբաթ օրը Սեգեդի մայր տաճարի մոտ՝ Քրիստոնեական համերաշխության զբոսայգում:
Հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը ողջունել է նման հուշահամալիրի բացումը:
«Թեև վերջին շրջանում մենք ականատես էինք որոշ դժվար պահերի, սակայն դրանք անհետացան, ինչպես մոխիրը քամու մեջ: Չնայած Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին, երկու ժողովուրդների միջև հարաբերությունները հնուց են սկիզբ առել»,- նշել է Սարգսյանը:
Դեսպանը նշել է, որ անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել 1,5 միլիոն զոհերին և ամենուր պայքարել նման դաժանությունների կանխարգելման համար:
Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի’ միջոցառման մասնակիցներին հղած նամակում նշվում է, որ երկու ժողովուրդները դարավոր բարեկամությամբ են կապված, որը բխում է ընդհանուր քրիստոնեական հավատից, ընդհանուր ճակատագրից:
Մարտոնիին նաև նշել է, որ Հունգարիա-Հայաստան բարեկամությունը բոլոր ոլորտներում պետք է լինի ավելի խորացված և ընդլայնված, այդ թվում և դիվանագիտական հարաբերություններում:
Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարվա օգոստոսին Հայաստանը միակողմանիորեն դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ այն բանից հետո, երբ ադրբեջանցի սպան, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայ սպային Բուդապեշտում սպանելու համար հայրենիք էր վերադարձվել, որտեղ նրան ներում են շնորհել:
Հիշեցնենք, որ Հայաստանը միակողմանիորեն առկախել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, երբ անցած տարվա օգոստոսին Ադրբեջանին էր արտահանձնվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում