Արմեն Գեւորգյանն այցելել է Տավուշի մարզ, մասնակցել նորակառույց դպրոցի բացմանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր Տավուշի մարզ այցի շրջանակում ներկա է գտնվել մարզի Դիտավան գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով’ արգենտինաբնակ բարերարներ Արմեն և Նատիա Էքսերճիյանների հովանավորությամբ: Էքսերճիյան ամուսինների աջակցությամբ գյուղում իրականացվել են խմելու ջրի, գազամատակարարման, համայնքային կենտրոնի կառուցման ծրագրեր:

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Գևորգյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին’ նոր դպրոցի բացման կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել բարերարներին’ սահմանամերձ համայնքում խնդիրների լուծմանն աջակցելու համար: Նրա խոսքով’ համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերը տարածքների համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում են և ողջունելի է, որ անհատ բարերարները նույնպես աջակից են լինում այդ աշխատանքներին:

Արմեն Գևորգյանը Դիտավանից մեկնել է Դիլիջան, որտեղ ծանոթացել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Տեղում ծրագրի իրականացման պատասխանատուների, մարզային և համայնքային իշխանությունների, համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են կառուցվող համալիրն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու, շինարարության ընթացքի հետ կապված հարցեր:

Դպրոցի կառուցման ծրագիրն իրականացվում է երկու փուլով. առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թ. սեպտեմբերին: Շահագործման կհանձնվեն դպրոցի գլխավոր և սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Դպրոցի շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2016 թ-ին, կկառուցվի ևս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, և մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաև թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում