«Լապտերներ» նախագծի պատանիները «երկխոսել» են ավագ սերնդի նկարիչների հետ

«Լապտերներ» նախագծի պատանիները «երկխոսել» են ավագ սերնդի նկարիչների հետ

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում (ՆԱՄ) բացվեց «Լապտերներ» նախագծի «Սերունդների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են «Լապտերներ» նախագծի մանուկների նկարները վաստակաշատ նկարիչների աշխատանքների կողքին։ Ցուցահանդեսը սկսվեց «Լապտերներ» նախագծի ղեկավարների բացման ու շնորհակալական խոսքով։ Շնորհակալական խոսքերով նաև հանդես եկան ցուցահանդեսի պատանի մասնակիցները և նրանց հետ երկխոսության մեջ գտնվող ավագ սերնդի նկարիչները։ Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

Ապա Լիլիթ Վարդումյանը՝ իբրև ՆԱՄ-ի ցուցահանդեսների պատասխանատու, ավանդույթի համաձայն, միության հարկի տակ ցուցադրվողներին ՆԱՄ-ի նվիրած նուռը հանձնեց փոքրիկ նկարիչներից ավագին՝ ասելով, որ ինչպես ֆուտբոլիստներն են գավաթը փոխանցում իրար, այդպես էլ ինքն է նուռը փոխանցում:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը համեմվեց «Լապտերներ» նախագծի երեխաների երաժշտական համարներով, որից հետո հյուրերը մոտեցան ցուցադրված նկարներին՝ ըմբոշխնելու սերունդների երկխոսության արվեստը։

Զրուցեցինք «Լապտերներ» նախագծի ղեկավարներից Աննա Մանասարյանի հետ։

«Այօրվա ցուցահանդեսին մասնակցող երեխաները տարբեր դպրոցներից ծաղկաքաղ արված մանուկներ են, որոնք մեզ հետ են մոտավորապես 2015 թ.-ից։ Իսկ սերունդների երկխոսությունը մեր վաղեմի երազանքներից մեկն էր, որպեսզի մանուկները իրենց տաղանդով փայլեն նաև վաստակաշատ արվեստագետների հետ միասին։ Կարծում եմ՝ մեր երազանքը իրականություն է դարձել, և այսօրվա ցուցահանդեսը կլինի սերունդների երկխոսության միջոցառումների մեկնարկը», – ասաց նա։

«Լապտերներ» նախագծի ղեկավարներից նկարչուհի Լիլիթ Վարդումյանն էլ խոսեց «Լապտերներ» նախագծի ստեղծումից: «Լապտերներ» նախագիծը ներկայացնում է 5-15 տարեկան տաղանդավոր մանուկների Երևանից ու մազերից, որոնք իրենց առաջին քայլերն են անում երաժշտության և կերպարվեստի ոլորտներում։ Պատճառը եղել է 1915 թվականը, երբ մենք՝ «Լապտերներ» նախագծի ղեկավարներս, որոշեցինք մեր նվիրումը ցույց տալ ցեղասպանության զոհերին՝ հենց մանուկների տաղանդի միջոցով։ Մեկ տարի շարունակ մենք գտանք ու բացահայտեցինք երաժշտության ու կերպարվեստի մեջ տաղանդավոր երեխաների, որից հետո ուսուցիչների, դպրոցների ու երեխաների կողմից պահանջարկ եղավ շարունակելու այս ծրագիրը, և արդեն 3-րդ տարի է՝ ծրագիրը գոյություն ունի։ Անցած 3 տարիների ընթացքում նման ցուցահանդեսներ ու համերգներ ունեցել ենք բազմաթիվ ու տարբեր թեմաներով, իսկ այս տարի ուղղությունը սերունդների երկխոսությունն է։

«Լապտերներ» նախագիծը ամբողջ մեկ տարի նվիրել է «Սերունդների երկխոսություն» ցուցահանդեսի կայացմանը։ Դեռևս անցած տարի մեր երեխաները ցանկություն հայտնեցին իրական երկխոսության մեջ մտնելու ավագ սերնդի նկարիչների հետ, և քանի որ մենք՝ ղեկավարներս, գրեթե միշտ կատարում ենք նրանց ցանկությունները, որպեսզի նրանց երազանքները իրականություն դառնան, այսօր կայանում է ցուցահանդեսը, որն էլ կրում է «Սերունդների երկխոսություն» խորագիրը։ Ցուցահանդեսին ներկայանում են մեր 4 երիտասարդ նկարիչները՝ Նարեկ Մկրտչյանը (12 տ.), Մհեր Խաչատրյանը (11տ.), Մարի Մալխասյանը (10տ.) և Հասմիկ Բեգոյանը (14տ.)։ Նրանք երկխոսել են ավագ սերնդի արվեստագետների հետ, մասնավորապես՝ մեծ նկարիչ, Հայաստանի առաջին ավանգարդիստներից Միքայել Հովհաննիսյանի, գեղանկարիչ Մուշեղ Գրիգորյանի, Կարեն Մովսիսյանի և Արարատ Մինասյանի հետ, եղել նրանց արվեստանոցում»,-ասաց Լիլիթ Վարդումյանը:

Հավելենք, որ դեկտեմբերի 23-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում հանդես կգան «Լապտերներ» նախագծի պատանի երաժիշտները՝ վաստակաշատ երաժիշտների հետ միասին։

Մարիաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում