Ր. Հովհաննիսյանը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին միանալ «Նոր Հայաստան» շարժմանը

«Ժառանգություն» կուսակցության շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք տվեց ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպի առիթով: Առավոտից ՀՔԾ-ի շենքի դիմաց Մարտիրոսյանին աջակցելու համար հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմը եւ ակտիվիստներ’ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ապրիլի 9-ին Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ երկու քրեական գործ է հարուցվել. մեկն առավոտյան, մյուսը’ երեկոյան տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ:

Ժ.16:00-ին՝ Վանաձորում, Լոռի TV մամուլի ակումբում, ապաեւ 19:00-ին՝ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման նախաձեռնողները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ հանդիպեցին քաղաքացիների հետ: Ելույթ ունենալով լեփ-լեցուն դահլիճներում բանախոսները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռուբեն Հակոբյանը, Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը եւ Վահագն Հովհաննիսյանը վերլուծեցին վերջին ամիսներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ազդեցությունը մեր երկրի ներքաղաքական կյանքի վրա, կարեւորեցին առաջիկայում քաղաքական գործընթացների հանրակարգայնացումը, որպես նոր ազգային ճակատ՝ քաղաքացիական շարժում:

Գյումրիում դիմելով ներկաներին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Սա այն ժամանակն է, երբ դեռ ուշ չէ, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնությունները առաջիկա օրերին կամ շաբաթներին միանան ժողովրդական այս շարժմանը, եւ նախ մայիսի 1-ին, ապաեւ մայիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հաղթահավաքներին կանգնեն ժողովրդի կողքին եւ միասին հասնեն հաղթանակի: Որովհետեւ, անկախ ամեն բանից, թեեւ ոչ մեկ ակնթարթով, բայց ոչ էլ ուշացած մենք հասնելու ենք ժողովրդի հաղթանակին, դրա համար տուն չենք գնալու, շարունակելու ենք պայքարը եւ միշտ լինելու ենք առաջին գծում: Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր ուզում են ազատ, անկախ, իրավական, ժողովրդին պատկանող Հայաստան, փրկված Հայաստան, խոպանից վերադարձած Հայաստան, մեր երեխաներին պատկանող Հայաստան»:

Վաղը, ժ.16:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստների հետ միասին կլինի Բյուրեղավանում, ուր կհանդիպի քաղաքացիներին Զորավար Անդրանիկ փողոցի 32/64 հասցեում գտնվող դահլիճում, իսկ նույն օրը ժ.19:00-ին իր կողմնակիցների հետ կհանդիպի Թալինի քաղաքապետարանի դահլիճում»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում