«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն կներկայացվի ընթերցողներին

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն կներկայացվի ընթերցողներին

Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի բոլորովին նոր հրատարակության շնորհանդեսը: Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային 50 ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
«Հեքիաթները մեր կյանքի ուղեցույցն են, մեր խղճի դատավորը: Մենք՝ մեծահասակներս, գուցե հեքիաթի կարիք ավելի շատ ունենք…Այս հեքիաթների գիրքը, իրոք, իմաստության արկղիկ է…»,-ժողովածուի մասին նշում է «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն էլ փաստում է՝մարդկային իմաստությունն է ամբարված հեքիաթների այս գրավիչ գրքում: Եվ աշխարհի երեք տասնյակ ժողովուրդների և հայտնի հեղինակների հեքիաթները կդառնան փոքրիկների զրուցակիցը,ընկերն ու ուղեկիցը ոչ միայն գիրքն ընթերցելիս, այլև ամբողջ կյանքի ընթացքում:
Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
« «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի հաջողությունը, իմ կարծիքով, պայմանավորված է հենց ընտրության գործառույթով: Այստեղ հավաքված են իսկապես իմաստուն հեքիաթներ, որոնց մատուցած հրաշքն ավելի շատ կապված է մարդու գիտելիքի, ինտելեկտի, արագ կողմնորոշվելու, աշխարհայացքի, մի խոսքով՝ իմացության հատկանիշների հետ: Եվ այդ հանգամանքն է, որ ժողովածուն այդքան սիրված է ու այդքան անհրաժեշտ»,-գրքի մասին նշում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
​Աշխարհի իմաստուն հեքիաթներ նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլեւ բոլորի համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ…
​«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի նոր հրատարակությունը ներկայանում է նորովի` նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ… Նշենք, որ գիրքը կազմել է Շավարշ Կարապետյանը, իսկ նկարիչ-ձևավորողն Արաբո Սարգսյանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում