«Նախարարն ինձ հետ խոսել է»
Նմանատիպ
Հարցազրույց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ
– Պարոն Ղազանչյան, 1990-ականներից հաճախ բեմադրություններ եք իրականացնում արտերկրում՝ Բուլղարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Ռումինիայում… 2000-ականների սկզբներին Մակեդոնիայի հայտնի Stobi ամֆիթատրոնում իրականացրել եք Արիստոֆանեսի «Ամպեր» կատակերգությունը: Ասում են՝ 2018թ. այդ ամֆիթատրոնում բեմադրելու եք Արիստոֆանեսի «Լիսիստրատեն»: Նոր եք վերադարձել Իտալիայից… Ասում են նաեւ, թե երբեմն հրաժարվում եք դրսի առաջարկներից…
– Այս պահին պետք է լինեի Թբիլիսիում՝ Ռուսթավելու անվան թատրոնում Ռոբերտո Կոսայի «Տատը» երկի բեմադրական աշխատանքներն իրականացնելիս: Բայց ինչ-ինչ հանգամանքների պատճառով չեմ մեկնել: Պարզապես չէի կարող բացակայել Երեւանից: Ինչ վերաբերում է իտալական ուղեւորությանը, մասնակցել եմ եվրոպական թատերական մրցանակաբաշխությանը, որն այս տարի կայացավ Հռոմում: Նշեմ, որ նպատակս մասնակցությունը չէր այդ մրցանակաբաշխությանը. ինձ հետաքրքրում էին բեմադրությունները: Օրինակ, հիացած եմ գերմանացիների ներկայացրած Պիտեր Շտայնի «Ռիչարդ Երկրորդով», ամերիկացի հռչակավոր բեմադրիչ Ռոբերտ Վիլսոնի ռեժիսուրայով «Համլետ-մեքենա» բեմադրությամբ… Ինձ երբ հարցնում են՝ Ռումինիայի ո՞ր թատրոնում ես բեմադրություն իրականացրել, հպարտորեն նշում եմ Կրայովայի Մարին Սորեսկուի անվան թատրոնը, որը հայտնի է նաեւ Վիլսոնի աշխատանքներով: Ժամանակին ես այնտեղ բեմադրել եմ Արիստոֆանեսի «Ամպերը»…
– Ներկա լինելով եվրոպական թատերական մրցանակաբաշխությանը, ի՞նչը կփոխեիք հայաստանյան մեր «Արտավազդում»:
– Սկզբունքորեն ոչինչ, թերեւս միայն այն, որ 2018թ. «Արտավազդը» կանցկացվի Գորիսում, որն, ինչպես հայտնի է, հայտարարված է ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք: Իմիջիայլոց, մեր մրցանակաբաշխությանը կաջակցի հայասեր, հայտնի գործարար Սենիկ Ջուլհակյանը, որը հսկայածավալ ներդրումներ է անում Գորիսը տուրիզմի կենտրոն դարձնելու ուղղությամբ: Իսկ օրն անփոփոխ է. մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 27-ին:
– Վերջին շրջանում թատրոններում կադրային փոփոխություններ եղան: Որպես միության նախագահ՝ ի՞նչ կարծիքի եք այդ նշանակումների մասին: Կուզեինք լսել ձեր խոսքը, օրինակ՝ Ազգային ակադեմիական թատրոնում վերջին շրջանի երկու բեմադրությունների՝ էլբակյանական «Պեպոյի» եւ «Մեծապատիվ մուրացկանների» մասին:
– Այո, Մայր թատրոնում տնօրեն նշանակվեց Վարդան Մկրտչյանը, Վանաձորում՝ Ագնեսա Շահնազարյանը, Գորիսում՝ Շանթ Հովհաննիսյանը, Գյումրիում՝ Տիգրան Վիրաբյանը, Ազգային օպերային թատրոնում գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Դավիթ Հարությունյանը: Կադրային փոփոխությունները հիմնականում դրական եմ համարում: Օրինակ՝ կարճ ժամանակահատվածում Ագնեսա Շահնազարյանի ղեկավարությամբ թատրոնում պարզապես հրաշքներ են կայանում… Ինչ վերաբերում է «Պեպոյին» եւ «Մեծապատիվ մուրացկաններին», ապա սկզբունքորեն բեմադրությունները, ցանկության դեպքում, կարելի է տրամաբանորեն քարկոծել եւ հակառակը՝ երկինք բարձրացնել: Ակադեմիական թատրոնի խաղացանկում անհրաժեշտ են հայ դասականների գործերը: Բայց ցանկալի է նաեւ այլազգի եւ ժամանակակից հայ հեղինակների գործերի հետ շփվել: Հսկայածավալ աշխատանք է կատարված թե «Պեպոյի» եւ թե «Մեծապատիվ մուրացկանների» պարագայում: Պետք է ընդհանուր առմամբ բոլորս փորձենք հասկանալ ոչ միայն հիշյալ, այլ մյուս թատրոններում ստեղծագործող մյուս բեմադրիչներին:
– «Առավոտի» հետ մի հանդիպման ժամանակ ճանաչված ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան նշեց, որ Երեւանում է հատուկ ձեր իրականացրած Գոգոլի «Ռեւիզորը» դիտելու նպատակով: Ըստ մեր տեղեկությունների, Երեւանում սպասվում է Ստուրուայի ռեժիսուրայով «Ռեւիզորի» մեկնաբանությունը:
– Այդ առիթով համաձայնագիր է կնքված Մոսկվայի Կալյագինի ղեկավարած Et Cetera թատրոնի հետ: Որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել: Ռուսական թատրոններում հսկա դեկորներ են: Բացի դրանից, նրանց ու մեր տեխնիկական հնարավորությունները չեն համընկնում: Իհարկե, համաձայնագիրը կնքված է, բայց երբ գործը հասավ թատրոնի տեխնիկական տնօրենին, այստեղ էլ երեւացին այդ խնդիրները: Այս պահին միասին փորձում ենք ելքը գտնել: Ժամանակին Երեւանում է նշվել Ստուրուայի 70-ամյակը: 2018-ին անվանի ռեժիսորի 80-ամյակը ես ու գործընկերներս մեծ ցանկություն ունենք դարձյալ նշել այստեղ, այս անգամ՝ «Ռեւիզորով»:
– Դուք վերջերս հանդիպել եք Արմեն Ջիգարխանյանի հետ: Տարօրինակ է, որ ողջ աշխարհն է խոսում դերասանի խնդիրների մասին, բայց Հայաստանում լռություն է…
– Այո, հանդիպել եմ Ջիգարխանյանի հետ: Ընդհանուր առմամբ նա գտնում է, որ ոչ մեկը իրավունք չունի իր ընտանեկան կյանքը շոու դարձնել: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Անձամբ ճանաչում եմ նրա արդեն նախկին կնոջը՝ Վիտալինային, որի դեմ ուղղված յուրաքանչյուր մեղադրանքի տակ կարող եմ դնել ստորագրությունս: Այո, այդ կինը քանդեց Ջիգարխանյանի թատրոնը. դե ֆակտո տնօրեն չլինելով, շուրջ երկու տարի որոշումներ կայացրեց՝ թատրոնից հեռացնելով բարձրակարգ դերասանների: Ցավում եմ, որ ժամանակին գործարար Արթուր Սողոմոնյանը, ում Ջիգարխանյանն իր որդին է համարում, չկանխեց այդ ամուսնությունը: Մտավախություն ունեմ, որ Ջիգարխանյանը, Աստված մի արասցե, կարող է չդիմանալ այս ամենին…
– Վերջերս Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ղեկավարի պաշտոնի համար շրջանառվում է նաեւ ձեր անունը…
– Նախարարն այդ թեմայով ինձ հետ խոսել է: Բայց այս պահին ավելին ասել չեմ կարող:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Հետևեք մեզ նաև Telegram-ում