Ինչպես դուդուկը «մտավ» օպերային ներկայացման մեջ

Ինչպես դուդուկը «մտավ» օպերային ներկայացման մեջ

Վարդան Տիգրանյանի «Սոս եւ Վարդիթեր» օպերայի ազդագիրը գտնվում է Պերճ Պռոշյանի` Աշտարակում գտնվող տուն-թանգարանում: Համանուն վեպը գրողի ամենահայտնի գործերից է եղել: ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանն այսօրվա նման հիշում է 1957-ին ունկնդրի դատին հանձնված եւ շուրջ 5 տարի խաղացանկում մնացած օպերային ներկայացումը, որտեղ ներգրավված են եղել հայ մշակույթի երախտավորները:

«Մեծագույն դիրիժոր Միքայել Թավրիզյանն այն ժամանակ գլխավոր դիրիժորն էր, իսկ ես՝ երաժշտական ղեկավար: Կոմպոզիտորը ստեղծագործությունը բերում էր, պատկեր առ պատկեր լսում էինք: Հետո որոշեցինք հրավիրել այն ժամանակվա համար թիվ 1 դուդուկահար Լեւոն Մադոյանին: Եվ օպերային ներկայացման մեջ ժողովրդական նվագարան՝ դուդուկ ներմուծեցինք: Երրորդ գործողության մեջ հայրն արգելում է Վարդիթերին ամուսնանալ Սոսի հետ, եւ նա «Սիրեցի յարս տարան» երգը դուդուկով՝ Լեւոն Մադոյանի նվագակցությամբ, երգում էր: Ներկայացման մեջ ուրիշ կտորներ էլ կային, որտեղ ժողովրդական երգերը վարպետորեն օգտագործված էին»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է վաստակաշատ դիրիժորը:

Նաեւ թվարկում է օպերային արվեստի լավագույն ներկայացուցիչներին. «Ավագ Պետրոսյանն էր երգում, Արմինե Թութունջյանը, Լենա Վարդանյանը, մեր մեծագույն բաս Նար Հովհաննիսյանը… Ներկայացումն այնքան լավ ընդունվեց, որ երկար մնաց խաղացանկում: «Սոս եւ Վարդիթերն» այնքան սիրվեց, որ ներկայացվեց ողջ Հայաստանով մեկ՝ Լենինականում, Կիրովականում, Ստեփանավանում եւ Ալավերդիում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում