Հոգևոր անդաստան․ Իրական հրաշքն այն կլիներ, եթե մարդկությունը հրաշքի ակնկալությամբ չապրեր

Հոգևոր անդաստան․ Իրական հրաշքն այն կլիներ, եթե մարդկությունը հրաշքի ակնկալությամբ չապրեր

«Գնա՛, և ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ»:
(Մատթեոս Ը 13)

Հիսուս Քրիստոս մարդկության փրկագործության առաքելության ընթացքում բազմաթիվ հրաշքներ գործեց: Այդ հրաշքներ անկյալ տիեզերքի աստվածադիր օրենքների խախտում չէին, այլ Աստծո սիրո, զորության ու նախախնամության դրսևորում: Դրանք այն զորեղ երևույթներն էին, որոնց հաղորդակիցն ու մասնակիցն էր դառնում հենց ինքը՝ մարդը՝ հանդիսանալով այդ հրաշքների առանցքն ու կրողը: Անցնելով մարդկային մտքի, տրամաբանության ու ըմբռնման սահմանագիծը՝ հրաշքներն աստվածհայտնության ու աստվածային փրկագործության յուրահատուկ դրսևորումներ էին:

Շուրջ 2000 և ավելի տարիներ մարդկության մեջ կատարված Հիսուս Քրիստոսի հրաշքներն այսօր էլ աշխարհին ասելիք ունեն: Սակայն մարդկությունն ապրում է այն թերահավատությամբ, որ հրաշքները մեր օրերում միանգամայն անիրական են թվում: Մարդն իր կյանքը շարունակում է ապրել աչքերի համար տեսանելի հրաշքներ փնտրելով՝ միևնույն ժամանակ մտածելով, որ այլևս չկան այն մարդիկ, որոնց միջոցով Աստված հրաշք կգործեր: Իսկ միգուցե մե՞նք թյուր ընկալում ունենք աստվածային հրաշքների նկատմամբ:

Մեր Տիրոջ զարմանահրաշ գործերը մարդկային բնությանը բնորոշ հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակ չէին հետապնդում: Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր արարքի ետևում փրկագործական խորիմաստ ու հեռատես ծրագիր էր թաքնված: Մարդկային սահմանափակ միտքն անընդունակ է չափելու Աստծո սիրո և ողորմության խորությունն ու անհունությունը, այդուհանդերձ հրաշքները՝ որպես աստվածային սիրո և ողորմության դրսևորում, բոլորի վրա չէին տարածվում․ հրաշագործությունները պատահական ողորմության արարքներ չէին:

Հիսուս Քրիստոս Աստծուն բնորոշ իմաստությամբ հրաշքներին մասնակից էր դարձնում նրանց, որոնց համար դրանք նոր՝ ճշմարիտ կյանքի սկիզբն էին ազդարարելու: Դրանով հրաշքները գալիս էին ծառայելու Տիրոջ փրկագործական ծրագրին: Աստվածային ամենատեսությամբ մարդկության պատմության մեծագույն Ուսուցիչը շատ լավ գիտեր, որ մարդկային հետաքրքրությունը բավարարող հրաշքը չպիտի արժևորվեր և ծառայեր իր նպատակին, քանզի հրաշքների վրա հիմնված հավատքը նորանոր հրաշքներ էր պահանջելու՝ մնալով անհաստատ ու անկայուն: Քրիստոնեության պատմությունը լի է զարմանահրաշ սքանչելիքներով ու մեծամեծ հրաշքներով, որոնք տրվնել են քրիստոնյաներին որպես հավատքի վկայություններ, որպես Աստծո զորավոր ներկայություն նրա կյանքում:

Հրաշքները եղել են, կան և կլինեն՝ որպես աստվածահաճո ընթացքի վարձատրություն: Տերն աշխարհ էր եկել ոչ թե ամենուր հրաշքներ գործելու« այլ մարդուն ցույց տալու դրանց արժանանալու ճանապարհը՝ միաժամանակ նրան հեռու պահելով հրաշքների կախյալ անհրաժեշտությունից, որպեսզի մարդկությունը հրաշքներ տեսնելու մշտատև ակնկալությամբ չապրեր: Հիսուս Քրիստոսի հրաշքների, մասնավորապես հրաշք-բժշկությունների առանցքը մարդու մեծագույն թուլության՝ մեղքը մատնացույց անելն էր:

Մարդու ուշադրությունը սևեռելով ու կենտրոնացնելով մեղքի գիտակցության վրա՝ Հիսուս Քրիստոս բացահայտում էր հրաշքի էության ճշմարիտ ընկալման աներևակայելի գաղտնիքը՝ մեծագույն հրաշքն այն կլիներ, եթե հրաշք գործելու անհրաժեշտություն չլիներ: Հրեական ընկալման համաձայն՝ ցանկացած հիվանդություն մեղքի արդյունք է: Պատահական չէր, որ Աստծո Որդին մեղքերը ներելով էր հրաշք-բժշկություններ կատարում՝ անուղղակիորեն մատնացույց անելով, որ իրական հրաշքը ոչ թե այն կլիներ, որ հիվանդը բժշկվեր, այլ այն, որ նա չհիվանդանար:

Տ․ Հովսեփ քահանա ՍԱՐԳՍՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում