Հայոց լեզուն հայ ճարտարապետության նման է՝ գեղեցիկ ու դաժան. Եվգենի Կիսին

Հայոց լեզուն հայ ճարտարապետության նման է՝ գեղեցիկ ու դաժան. Եվգենի Կիսին

«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը տարին եզրափակում է ամենախոշոր մշակութային իրադարձությամբ: Դեկտեմբերի 27-ին Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, բացառիկ մենահամերգով հանդես կգա լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը: Դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը Կիսինը նշեց, որ ուրախ է՝ կրկին Հայաստանում լինելու համար: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հարցին՝ Հայաստան վերջին այցելությունից հետո ամենակարևոր ինչ իրադարձություն է տեղի ունեցել իր կյանքում, նա պատասխանեց՝ այս ընթացքում ամենակարևոր իրադարձությունը ոչ թե իր արվեստում է եղել, այլ իր կյանքում՝ ամուսնացել է:

Կայանալիք մենահամերգին Կիսինը նվագելու է Բեթհովենի Սոնատա N 29-ը: Դա, նրա խոսքով, ողջ դաշնամուրային, երաժշտական գործերի մեջ ամենակարևոր ստեղծագործությունն է՝ ոչ միայն իր, այլև յուրաքանչյուր դաշնակահարի, երաժշտի:

Հարցին՝ արդյո՞ք հայկական արմատներ ունեցող կինն իրեն «բերում է» դեպի հայ մշակույթ, նա պատասխանեց. «Կինս չի նեղանա, եթե ես ասեմ ճշմարտությունը՝ հակառակն է: Երբ ես վերջին անգամ Հայաստանում էի, ինձ համար երրորդ այցելությունն էր, իր համար՝ առաջին»:

Կիսինի համար կարևոր է՝ որ երկիր է մեկնում համերգի: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր իր դիմագիծն ունի, իր մշակույթը, և համաշխարհային մշակույթի այդ բազմազանությունը մեր մոլորակի հարստությունն է: Հայ կոմպոզիտորներից դաշնակահարն առանձնացրեց Կոմիտասին, Բաբաջանյանի ու Խաչատրյանի որոշ ստեղծագործություններ:

«Ինձ հետաքրքրում է նախ այն, ինչ հանդիսանում է հայկական մշակույթի մաս՝ հին քաղաքակրթության մաս»,- ասաց նա: Լրագրողների հարցին՝ արդյո՞ք իրեն հետաքրքրում է ժամանակակից երաժշտությունը, Կիսինը պատասխանեց, որ իրեն հետաքրքիր է ամեն ինչ, դուր է գալիս տաղանդավոր ամեն ինչ՝ անկախ ժամանակից:

Ինքը՝ դաշնակահարը, սակայն, դեռ ժամանակակից կոմպոզիտորների գործերից չի նվագել: «Ցավոք, որքան ես տեսնում եմ, ժամանակակից կոմպոզիտորները դաշնամուրի համար գործեր գրեթե չեն գրում, ուստի դեռ չեմ նվագել»,- ասաց նա:

Կիսինը նշեց, որ երբեք հավակնություններ չի ունեցել, թե իր համար հատուկ ստեղծագործություններ գրվեն, սակայն իր համար կարևոր է, որ երաժշտությունը դուր գա բոլորին: «Մեկ տարի առաջ մի հայտնի կոմպոզիտոր ինձ ասաց, որ ցանկանում է ինձ համար գործ գրել, ես քանի որ չգիտեի՝ ինչ կստացվի, դրա համար ոչինչ չխոստացա, բայց ասացի՝ եթե միտք կա, պետք է իրագործել»,- նշեց նա:

Երկար տարիներ դադարից հետո Կիսինը նորից սկսել է ստեղծագործել. մտքեր են ծնվել, ստեղծվել են պիեսներ, մասնագետների գնահատականը ոգևորող է եղել, նրա ստեղծած գործերից շատերը կատարվել են: Միակ խնդիրն այն է, որ քիչ ժամանակ է մնում ստեղծագործելու:

Հրաժեշտից առաջ Կիսինը նշեց, որ հայ գործընկերների խոսքից ոչինչ չհասկացավ, սակայն կարծում է՝ հայոց լեզուն հնչում է այնպես, ինչպես ճարտարապետությունը, այն ոչ միայն գեղեցիկ է, այլև ինչ-որ տեղ դաժան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում