Վարդան Օսկանյանը նահանջի ճանապարհներն է մշակում

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանի Facebook-յան վերջին գրառումը քաղաքական լուրջ քննարկումների թեմա է դարձել։

Վերջինս կարծիք է հայտնել, որ իր կուսակցության «այլընտրանքային» լինելու ժամկետները սպառված են և ԲՀԿ-ն այսուհետև պետք է լինի ընդդիմադիր։

«Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու՝ այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն: Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը և վերջիվերջո՝ քաղաքացին», – գրել է Վարդան Օսկանյանը:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրապարակավ խորհուրդներ տալու նախկին արտգործնախարարի մարտավարությունը նոր չէ։ Նման նախաձեռնություններով Վարդան Օսկանյանը հանդես է եկել նաև 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին։ Եվ թեև այն ժամանակ նրան չհաջողվեց դրդել Ծառուկյանին ծայրահեղ քայլերի, այնուամենայնիվ ԲՀԿ առաջնորդի և ակտիվ անդամների գործողություններին որոշակի սրություն հաղորդվեց։ Իհարկե, այս պահին դժվար է միանշանակ ասել, թե ինչն ինչի հետևանք էր, բայց ակնհայտ է, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ն ցանկանում է տեսնել ընդդիմադիր դաշտում։ Ավելին՝ տպավորություն կա, որ անդամագրելով այդ կուսակցությանը, Վարդան Օսկանյանը բացառապես փորձել է լուծել այդ խնդիրը, որը նրան սակայն մինչ օրս չի հաջողվել։

Բայց նախկին արտգործնախարարը հետևողական է իր առաքելության մեջ և հիմա, երբ ընտրական փուլն ավարտվում է, նա փորձում է ԲՀԿ-ն ընդդիմությունն դարձնելու խնդիրը լուծել «խաղաղ պայմաններում»։ Կստացվի՝ լավ է։ Եթե ոչ, ապա նա կունենա ԲՀԿ-ն լքելու բոլոր հիմքերը։ Ահա թե ինչու է անհրաժեշտ հրապարակային խորհրդատվությունը։ Վարդան Օսկանյանը պարզապես հնարավոր նահանջի ճանապարհներն է մշակում և ոչինչ ավելին։

Հ. Մ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում