Քաղաքականության մեջ չկա այլընտրանք կատեգորիա. կամ իշխանության մաս ես կամ ընդդիմություն:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Քաղաքական կուսակցությունը պետք է լինի իշխանության մաս և պատասխանատվություն կրի խորհրդարանական մեծամասնության գործունեության համար այդ առումով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնվում է անբնական վիճակում: Այլընտրանք կատեգորիա չկա քաղաքականության մեջ»,- ասաց Սուրենյանցը:
Բանախոսի խոսքով’ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դասական առումով քաղաքական ամբողջություն չէ:
«Գագիկ Ծառուկյանը գերադասեց երկրում չլիներ Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ, իսկ նրա կուսակցության որոշ անդամներ ներկա գտնվեցին, դա դարձավ այն լակմուսի թուղթը, որը ի ցույց դրեց ԲՀԿ-ի ոչ միասնական քաղաքական ուժ լինելը»,- ասաց Սուրենյանցը:
Նրա խոսքով’ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում հավաքվել են տարբեր ցանկությունների տեր մարդիկ:
«Օրինակ, Վարդան Օսկանյանի դիրքորոշումը հաճախ է տարբերվում ԲՀԿ-ի դիրքորոշումից: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Վարդան Օսկանյանը և Գագիկ Ծառուկյանը նույն թիմում չեն լինի»,- ասաց քաղաքագետը: