Բալետի հայազգի պրեմիեր պարողը ոչ միայն դասավանդում է, այլև բեմադրություն իրականացնում «Լա Սկալայում»

Բալետի հայազգի պրեմիեր պարողը ոչ միայն դասավանդում է, այլև բեմադրություն իրականացնում  «Լա Սկալայում»

«Ցյուրիխ բալետի» պրեմիեր պարող Արման Գրիգորյանին հայաստանցի հանդիսատեսը հանդիպել է ընդամենը մեկ անգամ՝ 2012-ին, եվրոպական տարբեր թատրոններում փայլող մեր հայրենակիցների՝ Տիգրան Միքայելյանի (Բավարիա), Արսեն Մեհրաբյանի, Վահե Մարտիրոսյանի (Ստոկհոլմ), Արթուր Բաբաջանյանի (Չիկագո) հետ «Հզոր զգացմունքներ» բալետային խմբի կազմում:

Հավանաբար բալետի եզակի արտիստներից է կամ միակը, որի կարիերան հանգամանքների բերումով սկսվեց արտասահմանում: Գուցե միակն է, որը Երեւանի պարարվեստի քոլեջը դեռ չավարտած, 15-16 տարեկանում հայտնվեց Իսրայելում, որտեղ ծնողները՝ մեր բալետի ճանաչված դեմքեր Արմեն եւ Մարինա Գրիգորյանները հրավիրված էին դասավանդելու: Արման Գրիգորյանի եվրոպական եւ համաշխարհային փայլուն կարիերայի մասին լսել ենք արտասահմանում գործունեություն ծավալած մեր հայրենակիցներից: Վերջին շրջանում էլ, ըստ մեր տեղեկությունների՝ արտիստը այլեւս «Ցյուրիխ բալետում» չէ, ազատ արվեստագետ է, ինչը զուգահեռում է մանկավարժական գործունեությանը: Ասում են նաեւ, որ իբրեւ խորեոգրաֆ, նա բեմադրություններ է իրականացնում հեղինակավոր թատրոններում: Այս օրերին Արման Գրիգորյանը Երեւանում է:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արվեստագետն ասաց, որ Թել Ավիվում կարճ ժամանակ է բեմ բարձրացել՝ մոտ մեկուկես տարի, ապա մասնակցելով Լոզանում կայացած բալետի արտիստների հեղինակավոր մրցույթին, հրավեր է ստացել «Ցյուրիխ բալետի» ճանաչված խորեոգրաֆ Հայնց Շպյոռլիից:

Ցյուրիխում շուրջ 13 տարի ստեղծագործելուց հետո, հանդես գալով ոչ միայն դասական, այլեւ մոդեռն ներկայացումներում, ինչպես նաեւ խմբի հետ «աշխարհը ոտքի տակ տալով», աշխարհահռչակ Նաչո Պուատոյի հրավերով 2015-16թթ. հանդես է գալիս «Բեռլին Շտատս բալետում»:

«2016-ից ազատ արվեստագետ եմ, դասավանդում եմ նաեւ Ցյուրիխի բալետային դպրոցներում: Այս տարվա հոկտեմբերին Հայնց Շպյոռլիի հրավերով մեկնել եմ «Լա Սկալա», սկսել Բախի «Գոլդբերգ վարիացիաների» բեմադրական աշխատանքները թատրոնի բալետային խմբի հետ: Պրեմիերան նշանակված է 2018թ. հունվարի 25-ին»,- հայտնեց Արման Գրիգորյանը:

Հարցին՝ արտասահմանում ստեղծագործող որոշ գործընկերների օրինակով Երեւանում է ընդամենը Նոր տարվա առիթո՞վ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մասնակցում եմ Երեւանի օպերային թատրոնի բալետային խմբի փորձերին՝ Մալայզիայում հունվար-փետրվար ամիսներին կայանալիք հյուրախաղերի նպատակով: Ինքս ներգրավված եմ Չայկովսկու «Շչելկունչիկ» եւ Խաչատրյանի «Գայանե» բալետներում, համապատասխանաբար՝ Արքայազնի եւ Արմենի դերապարերում»:

Գրիգորյան ընտանիքը Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ արտիստի նորաստեղծ ընտանիքին: «Կինս՝ Գալինա Միխայլովա-Գրիգորյանը, ազգությամբ բուլղարուհի է եւ «Ցյուրիխ բալետի» առաջատար մենապարուհի: Ունենք հրաշք դուստր: Ի դեպ, Գալինայի հետ ծանոթացել ենք դեռեւս 2002թ., հենց «Ցյուրիխ բալետում»,- ասաց բալետի արտիստը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում