Մայր թատրոնը 2017-ից գոհ է, բայց դժգոհության մասեր էլ կան. Արմեն Էլբակյան

Մայր թատրոնը 2017-ից գոհ է, բայց դժգոհության մասեր էլ կան. Արմեն Էլբակյան

«Այս տարի Մայր թատրոնը պետության առջև ստանձնած իր պատասխանատվությունը կատարել է հարյուր տոկոսով և նույնիսկ ավելին»,- այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ ամփոփելով 2017 թվականը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա նշեց, որ թատրոնում այս տարի իրականացվել է չորս պրեմիերա։ Առաջինը «Արծվաբույն»-ն է եղել՝ նվիրված Արցախյան ազատամարին, դրան հաջորդել է «Վերադառնում եմ, մոռացեք» ներկայացման պրեմիերան, նոյեմբերի «Մեծապատիվ մուրացկաններ» էր, իսկ այսօր՝ երեխաների համար նախատեսված «Սառցե սիրտը» հեքիաթ մյուզիքլի պրեմիերան։

«Փայլուն կերպով իրականացրեցինք մշակութային կանգառի մեր մասնաբաժինը։ Բոլոր մարզերում, որտեղ որ եղանք, դահլիճները լեփ լեցուն էին, հանդիսատեսը՝ հյուրընկալ ու բավարարված ժպիտներով»,- նշեց տնօրենը։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը ևս 2017-ից գոհ է, բայց նաև նշեց, որ դժգոհության մասեր էլ ունեն, որոնք պետք է քայլ առ քայլ իրականացնեն։

Ինչ վերաբերում է 2018 թվականի, նա հայտնեց. «Մշակույթի նախարարության պատվերով պետք է իրականացնենք «Հարսնացուն հյուսիսից» պիեսի բեմադրությունը, որը նվիրված է լինելու մեծն Վարդան Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի և Ժորա Հարությունյանի հիշատակին»։

Վարդան Մկրտչյանը նշեց, որ ամեն տարի փորձելու են պահպանել չորս պրեմիերայի սկզբունքը. «Խնդիր չունենք թվաքանակ ավելացնելու, այլ պետք է պահպանենք որակ ու միայն որակ»։

Տնօրենը հավելեց, որ թատրոնի փոքր բեմի կառուցման գումարն արդեն ունեն և գալիք տարվա կեսին այն արդեն պատրաստ լինի. «Փոքր բեմը մեծ նվեր է լինելու երիտասարդությանը, այն իր հետ բերելու է բազմապիսի ներկայացումներ, սպասենք մինչև տարվա կես և արդյունքը կտեսնենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում