«Ռեալը» շարունակում է միավորներ կորցնել․ ոչ-ոքի «Սելտայի» հետ (տեսանյութ)

Նմանատիպ
Իսպանիայի ընթացիկ առաջնությունը շարունակում է անհաջող դասավորվել գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» համար։ 18-րդ տուրում Զինեդին Զիդանի թիմն արտագնա խաղում չկարողացավ առավելության հասնել «Սելտայի» նկատմամբ։
Վիգոյի «Բալաիդոս» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Դանիել Վասը՝ գնդակը Կեյլոր Նավասի վրայով ուղարկելով դարպասը։ Հյուրերը ոչ միայն արագ վերականգնեցին հաշվի հավասարությունն, այլև առաջ անցան․ 36-րդ և 38-րդ րոպեներին, համապատասխանաբար, Թոնի Կրոսի և Իսկոյի փոխանցումներից հետո դուբլ ձևակերպեց Գարեթ Բեյլը։
Երկրորդ կեսում դաշտի տերերն ավելի տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեցին և կարողացան ոչ-ոքիի հասնել։ Դեռևս 72-րդ րոպեին Յագո Ասպասը կարող էր վերականգնել հավասարությունը, սակայն վրիպեց 11-մետրանոց տուգանայինից։ Վերջնական հաշիվը 82-րդ րոպեին ձևակերպեց Մաքսիմիլիանո Գոմեսը՝ եզրափակելով Դանիել Վասի արդյունավետ փոխանցումը։
Այս հանդիպումից հետո «Ռեալն» ունի 32 միավոր (17 խաղ) և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով արդեն 16 միավորով։ «Սելտան» 22 միավորով 14-րդ տեղում է։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում