Արև Սամուելյանը պնդում է․ «Գտածոները գանձագողության արդյունքում են ի հայտ եկել»

Արև Սամուելյանը պնդում է․ «Գտածոները գանձագողության արդյունքում են ի հայտ եկել»

Aravot.am-ը նամակ է ստացել Սեւակ Սաֆարյանից, որը մասնավորապես գրել է. «2016 թվականի ապրիլ ամսին, երբ հնագետ Հակոբ Սիմոնյանը Կապան քաղաքից գանձերը իր հետ բերեց, ինձ խոստացան, թե կփոխհատուցեն հայտնագործության համար: Անցել է երկու տարի, եւ ես ոչ մի դրական պատասխան նրանց կողմից չեմ ստացել:Հակոբ Սիմոնյանը նույնիսկ հայհոյեց ինձ` ասելով, որ գումարը պահանջեմ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանից, քանի որ իր մոտ գանձ չկա»:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը խնդրի վերաբերյալ նշեց. «Այդ գտածոները գանձագողության արդյունքում են ի հայտ եկել` ավերելով հայտնի չէ, թե ինչքան դամբարաններ:Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գիտահետազոտական կենտրոնն ուսումնասիրել է, եւ արդեն նամակ ունենք գրած Սյունիքի երկրագիտական թանգարանին, որպեսզի իրենք վերցնեն դրանք, սակայն դեռեւս պատասխան չունենք: Ընդ որում, նամակը շատ ավելի վաղ է գրվել, քան 2017 թվականը, նաեւ բազմաթիվ անգամներ հեռախոսազրույցներ են եղել կենտրոնի եւ Երկրագիտական թանգարանի տնօրենների միջեւ, որպեսզի գան-վերցնեն: Ամեն մի գտածո, որ Հայաստանի Հանրապետության տարածքում է, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Պետությունն, ի դեմս մշակույթի նախարարության, ծախս է արել, վերականգնել է գտածոները եւ այժմ պատրաստ է դրանք հանձնել մարզային երկրագիտական թանգարանին»:

Հիշեցնենք, որ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը 2016 թ ապրիլին կայացած ասուլիսում հայտարարել էր, որ Սյունիքի մարզում գանձագողության շնորհիվ Վանի թագավորության ժամանակաշրջանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել:

Դրանից հետո «Առավոտին» էր դիմել Սեւակ Սաֆարյանը՝ պնդելով, որ Հակոբ Սիմոնյանի՝ ասուլիսում հայտնած տեղեկությունները վերաբերում են իրեն, եւ կատարվածը գանձագողություն են որակում, որ իրեն չփոխհատուցեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում