Քովի, Ռեմարկ, Էքզյուպերի՝ 2018-ին հայ ընթերցողների դատին հանձնվող գրքերը

Քովի, Ռեմարկ, Էքզյուպերի՝ 2018-ին հայ ընթերցողների դատին հանձնվող գրքերը

2018 թվականի ընթացքում մայրենիով հայ ընթերցողի դատին կհանձնվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները:
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Էդիթ Պրինտ Հրատարակչությունից հայտնում են, որ հայերեն թարգմանությամբ կներկայացվի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»:

Այս տարվանից հայ ընթերցողներին հասանելի կլինեն ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն», «Միջնաբերդ» ստեղծագործությունները:

Հայերեն հնարավոր կլինի կարդալ նաև հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար», «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», «Ապրելու և մեռնելու ժամանակը», «Գիշեր Լիսաբոնում» ստեղծագործությունները:

Հայերեն թարգմանությամբ արդեն իսկ հասանելի է Քեն Բլանչարդի և Սպենսեր Ջոնսոնի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը: Օրեր առաջ լույս է տեսել նաև Էքզյուպերիի «Գիշերային թռիչքը»:

Տարվա ընթացքում լույս կտեսնի նաև անգլիացի վիպասան Շարլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» դասական գործը:

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ հայերեն թարգմանությամբ մանուկների համար լույս կտեսնի «Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատորյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում