Փոստմոբիլ. Հայփոստն անիվների վրա

«Հայփոստ»-ը մեկնարկում է «Փոստմոբիլ»-ի գործարկումը’ նոր համակարգ, որը կընդլայնի «Հայփոստ»-ի ցանցը’ հասանելի դարձնելով ժամանակակից, հարմարավետ և մատչելի փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայությունները գյուղական համայնքների բնակչության համար: Այս մասին տեղեկացնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Սկզբնական շրջանում «Փոստմոբիլ»-ը պարբերաբար կայցելի Արագածոտնի գյուղական համայնքներ’ որտեղ առկա են փոստային բաժանմունքներ և այն համայնքներ, որտեղ փոստային ծառայությունները նախկինում անհասանելի են եղել:

«Փոստմոբիլ»-ի գաղափարն իրագործվել է «Հայփոստ»ի գործընկերների’Իտալիայի, ՌԴ-ի և Ֆրանսիայի փոստային օպերատորների հաջողված փորձի հիման վրա: Այն փոստային բաժանմունք է անիվների վրա’ հարմարեցված Հայաստանի կլիմայական և լանդշաֆտային պայմաններին:

«Փոստմոբիլ»-ը հագեցած է տեխնիկական սարքավորումներով’ էլեկտրաէներգիայի գեներատորով, համակարգչային սարքավորումներով, ջեռուցման, օդորակման, ինչպես նաև անվտանգության և տեսագրման համակարգերով: Շարժական փոստային բաժանմունքն առցանց կապով միացված կլինի գլխամասին նույն համակարգով, ինչը գործում է «Հայփոստ»-ի ողջ ցանցում: Ներդրված GPS համակարգը թույլ կտա վերահսկել երթուղին գլխամասից, ինչը կհանգեցնի անվտանգության և մատուցվող ծառայությունների մակարդակի աճին:

Փոստային բաժանմունքը համայնքեր կայցելի ամեն շաբաթ որոշակի ժամերի և կկայանվի նախապես սահմանված վայրերում: Բնակիչները կարող են իրականացնել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, բաժանորդագրվել, օգտվել կատալոգային վաճառքի, ապահովագրության և ավանդական փոստային ծառայություններից:

«Փոստմոբիլ»-ը «Հայփոստ»-ի ժամանակակից ծառայությունները կհասցնի հեռավոր գյուղական համայնքներ’ այդպիսով հնարավորություն ընձեռելով բնակիչներին’ օգտվելու միևնույն բարձրորակ ծառայություններից և ապրանքներից, որոնք առկա են քաղաքների փոստային բաժանմունքներում:

Որդեգրելով սպասարկման նոր մոտեցում’ «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մեկ քայլ առաջ է գնում Հայաստանի փոստային օպերատորի արդիականացման և «Հայփոստ»-ը ոլորտի առաջատարներից մեկը դարձնելու ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում