Բակո Սահակյան. «Մեր սերունդների համար կերտում ենք ուժեղ ու զարգացած հայրենիք»
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ամեն տարի այս օրը համայն հայությունն աշխարհի բոլոր ծայրերում իր հարգանքի տուրքն է մատուցում 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Մեկ անգամ եւս իր ձայնն է բարձրացում ընդդեմ բռնության ու կոտորածի, չարի ու ոճրագործության: Իր ձայնն է բարձրացնում’ հանուն պատմական արդարության հաղթանակի եւ հանուն հետագա ցեղասպանությունների բացառման:
Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է ի վերջո լսի մեր ձայնը, որը կոչ է’ ի պաշտպանություն ազգային ու համամարդկային արժեքների պահպանման ու զարգացման, լսի ու դատապարտի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված այդ հրեշագործությունը:
Հայ ժողովուրդն ունի շատ բարեկամներ, ովքեր սատար են եղել մեզ թե այն օրհասական պահին’ օթեւան տալով մազապուրծ հայերին, թե այսօր’ կանգնելով մեր կողքին եւ մեզ հետ միասին պաշտպանելով մեր պահանջատիրությունը: Մենք հիշում ենք բոլորին եւ երախտապարտ ենք խորապես:
Օր օրի զորացնելով հայոց անկախ պետականությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը’ մենք հաստատուն ու աներեր քայլերով գնում ենք դեպի ապահով ու անվտանգ ապագա՝ սերունդների համար կերտելով ուժեղ ու զարգացած հայրենիք: Սա է մեր պատասխանը բոլոր արհավիրքներին, սա է բոլոր զոհերի հիշատակը վառ պահելու միակ ուղին»: