«Մշակույթը պետք է ազատել հղփացած ժամանցի կապանքներից»

«Մշակույթը պետք է ազատել հղփացած  ժամանցի կապանքներից»

Հարցազրույց ռեժիսոր Լեւոն Իվանյանի հետ

-Պարոն Իվանյան, 2017թ. մեզ հետ հարցազրույցներից մեկն ավարտեցիք մշակույթի գերիշխանության մասին ձեր արտահայտությամբ՝ կա ճանապարհ, որի դեպքում մենք կարող ենք լինել հաղթող Հայաստան։ Նշեցիք, որ համաշխարհային դրամատիրական մեռնող համակարգի փոխարեն պետք է Հայաստանում ծնունդ առնի մշակույթի գերիշխանության նոր համակարգ: Շեշտեցիք նաեւ, որ սա առանձին թեմա է… Կարո՞ղ ենք հիմա անդրադառնալ «առանձին թեմային»։

– Շատ արագ պետք է ազատվենք աղքատ երկիր, փոքր երկիր, երրորդ երկիր, շրջափակված ու ճարահատված երկիր լինելու այն անհիմն պարտադրանքներից, որի համար արեւմտյան, հյուսիսային, արեւելյան եւ հարավային կողմերի միջազգային հանրություն կոչվող մեր «հոգատար բարեկամները», մեր «ինքնագոհ» իշխանությունների օգնությամբ, գերագույն ջանք են գործադրում, որ հանկարծ հայ մարդը ոչ մի վայրկյան ազատ շունչ չքաշի, որ հանկարծ հայերն իրենց չհամարեն հարուստ երկիր, մեծ երկիր, գրագետ երկիր, ազնվական երկիր, հզոր երկիր ու բոլոր ոլորտներում հաղթանակած երկիր։ Եվ հանկարծ չասվի այնպես, ինչպես բրիտանացի լեգենդար հետախույզ Լորենս Արաբացին էր ներկայացնում իր զեկուցագրում հայերին՝ «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, եւ նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան եւ կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը»: Ես ուղիղ այս միտքն եմ ուզում ասել, բայց հայ մարդու ասածն այս դեպքում արժեք չունի։ Բայց մեկ ուղղում կուզեի անել՝ «կաշխատեցնեն» բառը կփոխեի «կփրկեն» բառով։ Իմ համոզմունքը հետեւյալն է՝ «միայն Հայաստանը կարող է փրկել աշխարհի բոլոր պետություններին կապիտալիստական, ստրկատիրության, ամեն ինչ ոչնչացնող ճիրաններից»։ Աշխարհը հոգեվարքի մեջ է եւ մի փրկօղակ կամ լույս է պետք այս համաշխարհային համատարած խավարից դուրս գալու համար։ Ոչ մի տեղ մարդուն վայել կյանք չկա։

– Դուք կարծում եք, որ փոքր Հայաստանը այդ բարդագույն խնդիրը կարող է լուծե՞լ։

– Նախ՝ մի ասեք «փոքր Հայաստան», ադամանդն էլ է փոքր…

– Գուցե արդեն անցնե՞նք բուն թեմային…

– Ամենից կարեւորն այն է, որ այս խնդրում տխմար հեղափոխության կարիք չկա, այլ փոփոխությունը պետք է կատարել մտածողության մեջ, ուղեղում, այնպիսի ուղեղում, որ քարացած չէ սոցիալական, քաղաքական, տնտեսական, իրավաֆինանսական անվերջանալի եւ երբեք չլուծվող խնդիրների մեջ։ Թող մնան, պաշտպանեն, ավելի ապահով լինեն, ավելի հաստատուն իշխանություն ունենան, ավելի լավ պահեն մեր սոցիալ -տնտեսական երկիրը, որ ոչնչով չի տարբերվում մյուս երկրներից։ Միայն թե մշակույթը ազատեն սոցիալական, ֆինանսական ու հղփացած ժամանցի կապանքներից։

Ազատեն իսկական երկիրը` Մշակութային Հայաստանը եւ մանավանդ չխառնվեն դրա կառավարմանը։ Մշակույթն ինքը ոչ մեկի օգնության կարիքը չունի, եթե այն ղեկավարում է սկզբունք ունեցող մշակույթի մարդը։ Այս դեպքում պետք է տարանջատենք արվեստը մշակույթ հասկացությունից եւ մշակույթի համակարգմանը տրվի փոքր-ինչ ավելի բարձր գործադրման դիրք` փոքր խմբի կառավարմամբ, որտեղ մի կիզակետի կբերվի կրթության, գիտության, արվեստի, երիտասարդության, սփյուռքի, երկրի պաշտպանության նախարարական համակարգերի գործունեությունը։ Որպես գործնական օղակ այն կգործի հայոց լեզվի եւ հայկական մշակույթի նորակառույց տաճարում՝ կողմնորոշիչ դառնալով հատկապես ազգային գործունեություն ծավալելու համար, որն ամենեւին չի նշանակում ամփոփվել ոչ հայկական բնույթի արեւելյան ծամածռությունների մեջ, այլ մասնակից դառնալով ազգային եւ համաշխարհային դասական արվեստի նվաճումներին, դառնալ միջազգային մշակութային դրսեւորումների կենտրոնատեղի: Մյուս երկրները շատ արագ կանցնեն իրենց մշակութային դեմքը գտնելու ծրագրեր ստեղծելուն եւ այս անգամ էլ Հայաստան երկիրը հիմք կդառնա նոր տիպի աշխարհ` այսինքն մշակութային փոխհարաբերությունների աշխարհ ստեղծելու համար։ Ապագան դա է լինելու։ Մնացած ամեն ինչ հին է, հնացած է, ծիծաղելի է… 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում